Դիսկոտեկները և գիշերային ակումբները դուրս կբերվեն բազմաբնակարան շենքերից. Երևանի քաղաքապետարան


19:20 , 17 հուլիս, 2017

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի  առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի նախագիծը և համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ներկայացնել համապատասխան առաջարկներ ու ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի մշակման աշխատանքներին:  

«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին: Սա մեր հստակ դիրքորոշումն է և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: