«Կերպարս ինձ նման է այնքանով, որ սիրում է սելֆիներ անել». Անահիտ Ադամյանը՝ «Նվագախմբի երեխաները» նոր նախագծում իր մասնակցության մասին


15:30 , 17 հուլիս, 2017

«ArmStar»-ը, «Ucom» ընկերությունը և Արմենիա Պրեմիումը ներկայացնում են նոր նախագիծ՝ «Նվագախմբի երեխաները»: Այն հայրենական հեռուստատեսության մանկապատանեկան, երաժշտական բազմասերիանոց առաջին ֆիլմն է: Մյուզիքլում գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում, որտեղ իրենց ուսումնառության ընթացքում հերոսները հաջողացնում են հայտնվել տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար ստիպված են ցուցաբերել միասնականություն, հնարամտություն ու կամքի ուժ։ BlogNews.am-ն արդեն պատմել է նախագծի մասնակից Մերի Քոչարյանի մասին։ Այս անգամ անդրադարձել ենք Անահիտ Ադամյանին, ում շատերը ճանաչում են մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթից, որտեղ նա գրավել է առաջին տեղը, շատերն էլ գիտեն, որ նա դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է:

«Ես գլամուր աղջկա կերպարում եմ, ունեմ քույր, ով ինձանից խելացի է և միշտ ինձ վրա խոսում է: Նախագծում իմ քույրը Մերի Քոչարյանն է, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում: Մենք հաճախ վիճում ենք իրար հետ և այդ տեսարանները ստանալու համար իրար հետ երկար զրուցում և քննարկում ենք»:

Խոսելով իր և կերպարի նմանությունների մասին՝ Անահիտը նշում է. «Կերպարս ինձ նման է այնքանով, որ սիրում է սելֆիներ անել, իսկ ընդանուր՝ այդքան էլ նման չէ: Աղջիկ է, ով  իր ողջ ժամանակն անցկացնում է սոցիալական ցանցերում, իր կյանքն առանց դրանց չի պատկերացնում, առօրյա խոսքում ցիտում է համացանցային աֆորիզմներ, մշտապես ուղիղ եթերում է»: 

Անահիտն առաջին անգամ է մասնակցում նման մասշտաբային նախագծի, որտեղ հայտնվել է պապիկի՝ Աշոտ Ղազարյանի հորդորով. «Մինչ այս ես ոչ մի տեղ չեմ նկարահանվել, բայց «Նվագախմբի երեխաները» նախագծում նկարահանվելը շատ է դուրս գալիս: Պապիկս էլ շատ հաճախ խորհուրդներ է տալիս, ասում է՝ մի ամաչիր ոչ մի բանից, ամեն ինչ ճիշտ ես անում: Միշտ լսիր ռեժիսորին և սցենարիստին»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի