G-20-ին ընդառաջ սպասվում է Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի երկար քննարկված հանդիպումը


14:58 , 7 հուլիս, 2017
G-20-ին ընդառաջ սպասվում է Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի երկար քննարկված հանդիպումը։ Ավելի ճիշտ՝ հենց այդ ձևաչափի ընթացքում։ Սա ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո երկու երկրների առաջին հանդիպումն է լինելու որպես նախագահներ։ Հասկանալի է, որ հանդիպումներից շատ բան ակնկալել պետք չէ, սակայն, օրինակ, եթե Պուտինն ու Թրամփը հանդիպման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար ինչ-որ շփման եզրեր չգտնեն, կարող ենք համարել, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամը կշարունակվի։ Մի քանի շաբաթ առաջ Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ռուսաստանում ամերիկացի ինվեստորների կողմից երկարաժամկետ ներդրումներ են արվում երկրի տնտեսության մեջ, ու նրանք չպետք է տուժեն քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Պուտինը նաև վերջիններիս համարել էր Ռուսաստանի բարեկամներ։ Թրամփը կարծես թե այժմ տատանվում է (ի վերջո, Ռուսաստանի հանդեպ սանկցիաների կոորդինացնողը հենց ԱՄՆ-ն է)՝ արժե տնտեսական պատժամիջոցները տեղափոխել նաև քաղաքական ոլորտ, թե ոչ։ Երբ այս հարցում հստակություն մտցվի, այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչպես կդասավորվեն ոչ միայն երկու երկրների, այլև համաշխարհային քաղաքական հարաբերությունները։