Բանակին հնարավորինս ապահովելը զուտ քմահաճույքի ու ռազմահայրենասիրական պաթոսի հարց չէ


12:32 , 4 հուլիս, 2017

Թերթերից մեկն այսօր բավականին անթաքույց հեգնանքով անդրադարձել էր Վիգեն Սարգսյանի ասուլիսի ժամանակ հնչած առաջարկին, որ կարելի է կնունք-ծնունդ-հարսանիքների ժամանակ բանակի պարտադիր կենացը խմելու կուլտուրային ավելացնել կարճ հաղորդագրությամբ բանակին նվիրաբերություններ անելու մշակույթը։

Անձամբ ինձ համար նման քամահրանքն ի սկզբանե անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ տվյալ առաջարկը ապրիորի ենթադրում է կամավորականության սկզբունք՝ ի տարբերություն 1000 դրամների օրինագծի։ Մյուս կողմից` Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերը, նույն 1000 դրամների օրինագիծն ու «Ազգ-բանակ» հայեցակարգի տեսլականը թեև չի կարելի ասել, որ մեկին մեկ թխած են Իսրայելի բանակաշինության փորձից, բայց կրում են այդ մոդելի էական ազդեցությունը։

Ահա թե ինչու եմ ակնարկում Իսրայելը։ Բանն այն է, որ այնտեղ առօրեական-կենցաղային տարբեր դրսևորումներ վաղուց արդեն փոխարինվել են այնպիսի տարբերակներով, որոնցով օգուտ ես բերում բանակին։ Պատկերավոր մի օրինակ. Իսրայելում թաղումների ու գերեզմաններ գնալիս մարդիկ հաճախ ծաղիկների փոխարեն բերում են անդորրագրեր՝ համաձայն որոնց՝ իրենք ծաղկին հատկացվելիք գումարը փոխանցել են Իսրայելի ԶՈւ հատուկ հաշվեհամարների։ Ու պատկերացրեք, որ Իսրայելում, որտեղ մամուլի ազատությունն ու լրագրողական պրոֆեսիոնալիզմի մակարդակը էապես ավելի բարձր են, քան Հայաստանում, ոչ մի լրագրողի մտքով չի անցնում ծաղրի ենթարկել այդ մշակույթը։

Ինչո՞ւ։ Թերևս նաև այն պատճառով, որ Իսրայելը ևս շրջապատված է ոչ ամենալավ հարևաններով, բայց, ի տարբերություն հայաստանյան իրենց կոլեգաների, իսրայելաան լրագրողները հասկանում են, որ դա զուտ օդային խոսակցություններ չեն, իսկ Բանակին հնարավորինս ապահովելը զուտ քմահաճույքի ու ռազմահայրենասիրական պաթոսի հարց չէ։ Բայց և այնպես, ես լիահույս եմ, որ երբ մենք էլ Իսրայելի պես մի 6 պատերազմի միջով անցնենք, բոլոր կոլեգաները կհասկանան, որ թուղթ սևացնելով և անդադար «80-ականների զենքերի» մասով (ի դեպ, ռազմագիտական առումով՝ բավականին մակերեսային ձևակերպում է) կաղկանձելով չէ։ Մեկ-մեկ պետք է լավատես էլ լինել։