Զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար գործադիրը նոր միջոցներ է հատկացրել


16:30 , 29 հունիս, 2017

Barometer.am-ը գրում է.

Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Ընթացիկ տարվա մայիսին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Ռ. Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի, որի հիման վրա էլ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում են նոր միջոցներ: