ԱԻՆ-ը նախազգուշացնում է. Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք


00:00 , 23 հունիս, 2017

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում հունիսի 22-ին՝ ժամը 22:00-ին, կկայանա «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով վարժանքի փորձը: Բուն ուսումնավարժության անցկացումը նախատեսվում է հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ին:

Ուսումնավարժության ընթացքում մետրոպոլիտենի շուրջ լինելու է ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի որոշակի կուտակում, ուստի հորդորում ենք մեր համաքաղաքացիներին խուճապի չմատնվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վարժանքի ուսումնական նպատակներն են կատարելագործել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն ստեղծված իրավիճակում, ինչպես նաև կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: