Ապրիլին ադրբեջանական բանակն իր գերագույն գլխավորի հրամանատարի հրամանը չի կատարել, հետևաբար՝ մարտունակ չէ. Արամ Զ. Սարգսյան


21:38 , 22 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը վերջին շրջանում միմյանց հետ չեն հավասարեցվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը՝ հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց:

Վերջինս նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության մեջ էլ դիվանագիտական ենթատեքստում սահմանային սրացումների համար մեղադրվում էր Ադրբեջանը:
«Սա Ադրբեջանի իշխանությունների անհեթեթ աշխատանքի արդյունքն է: Ապրիլյան և դրան հաջորդող դեպքերով Ադրբեջանն ուզում էր աշխարհի ուշադրությունը սևեռել դրա վրա, ասել, որ մենք չենք կանգնելու, որ մենք կարող ենք կանգնել, խնդրեք մեզ, որ կանգնենք, հակառակ դեպքում՝ Սևանն էլ, Երևանն էլ վերցնելու ենք: Ադրբեջանն ուզում էր խնդիրը լուծել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքով, բայց այս տարբերակը չաշխատեց»,- նշեց Արամ Զ. Սարգսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ հրամանը, որը տվել էր հակառակորդին Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը, մեկ գյուղ գրավելը չէր, հակառակ դեպքում նրանք սահմանային ողջ երկայնքով գործողություններ չէին ծավալի, իսկ սա նշանակում է, որ «ադրբեջանական բանակն իր գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չի կատարել, հետևաբար՝ մարտունակ չէ»:

Սարգսյանը նկատեց, որ ՄԽ անդամ երեք երկրները, աշխարհը պատերազմ չեն ուզում, որովհետև «եղած պատերազմները բավարար են իրար միս ուտելու համար»:

«Այն մարդը, ով անընդհատ խոսում է պատերազմից, հակառակորդ երկրի մայրաքաղաքը գրավելուց, չի կարող աջակցություն ստանալ միջազգային հանրության կողմից, համաշխարհային խաղացողներից»,- շեշտեց Արամ Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: