10:00 , 20 հունիս, 2017
«Առաջիկայում Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը նոր ռեկտոր կունենա, մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնին կնշանակվի կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: Իսկ ներկայիս ռեկտոր Գայանե Գասպարյանը կվերադառնա իր նախկին պաշտոնին՝ ամբիոնի վարիչ: Բանն այն է, որ Գասպարյանի պաշտոնավարման 5 տարին լրացել է, այժմ նոր մրցույթ պետք է հայտարարվի: Կմասնակցի Գասպարյանը, թե ոչ, չհաջողվեց ճշտել, նա չպատասխանեց մեր զանգին: Հիշեցնենք, որ Գ. Գասպարյանը 2012թ. ռեկտոր էր դարձել մեծ սկանդալի արդյունքում, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հեռացրել էր ռեկտոր Սուրեն Զոլյանին, ով երկար պայքարում էր իր իրավունքների համար: Նշենք, որ Կարինե Հարությունյանը փոխնախարար է 2010-ից, մինչ այդ ԿԳՆ-ում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում, մասնագիտությամբ ֆիզիկոս է, անվանի գիտնական, կրթության նախկին նախարար Վիլիկ Հարությունյանի դուստրը:
Փոխնախարարի ամուսինն էլ Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանն է: Թե երբ կլինի մրցույթը, ԿԳՆ-ից մեզ հայտնեցին, որ համալսարանը ՊՈԱԿ-ից դարձել է հիմնադրամ, ըստ այդմ պետք է սպասեն կառավարության որոշմանը, որից հետո պետք է ձևավորվի խորհուրդ, նոր հայտարարվի մրցույթ: Բրյուսովի անվան համալսարանից պարզեցինք, որ հունիսի 8-ին կառավարությունն արդեն որոշում կայացրել է, ըստ այդմ՝ եռամսյա ժամկետում պետք է ձևավորվի խորհուրդ, որից հետո հայտարարվի մրցույթ: Այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարինե Հարությունյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: