Ովքեր են «Ազիզյանները» սիթքոմից հայտնի Մարին, Լևոնը և Ազատը. բացահայտել է BlogNews.am-ը


13:45 , 20 հունիս, 2017

Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում «Ազիզյանները» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը շուտով կավարտվի: Այն սիրվեց հեռուստադիտողի կողմից, այդ մասին են փաստում արձագանքերը: Սիթքոմի դերասանները՝ Ստեփանը, Մարին և Բորիսը նորություն էին հայ հանդիսատեսի համար և շատերը սիրեցին նրանց մարմնավորած կերպարները: 

Նրանց  ճանաչում են, սիրում են, բայց քչերը գիտեն՝ ինչ նախասիրություններ ունեն, ինչով են սիրում զբաղվել, երբ օրինակ նկարահանման տաղավարում չեն: BlogNews.am-ը լուսանկարել է նրանց և մի քանի բացահայտում արել: 

Լևոն՝ նույն ինքը Ստեփան Հովհաննիսյան

Ես «Ազիզյանները» սիթքոմում այնպիսին են, ինչպիսին կյանքում եմ, դրա համար ինձ հեշտ է խաղալ: Սիթքոմին շատ հեշտ ընտելացա: Մարիի, Բորիսի հետ նկարահանումների ժամանակ եմ ծանոթացել, հիմա արդեն լավ ընկերներ ենք: Միասին հաճախ ենք գնում պաղպաղակ ուտելու, սիրում ենք նաև քաղաքում զբոսնել: Մեզ երբ իրար հետ տեսնում են, նկարվում են, ասում են՝ ինչ լավն եք դուք: Ինձ էլ ասում են՝ շատ լավն է կերպարդ:  Հիմա կամաց-կամաց  սովորում եմ, որ ինձ ճանաչում են: Խմբակիս ղեկավարն ասում է` պետք է արդեն լուրջ լինես, փողոցում քեզ ավելի լուրջ պահես:  

Ընկերներ շատ ունեմ, բայց դպրոցում շատ չեն: Կան ընկերներ, որոնք մինչև «Ազիզյանները» ընկերներ չէին, բայց հետո դարձան: Այսինքն հայտնիությունը վատ կողմեր էլ ունի էլի :)

Իմ ստացած հոնորարները ծախսում եմ ուսմանս վրա: Ես սովորում եմ վճարովի դպրոցում, բայց կարծում եմ՝ էլ չեմ սովորի, քանի որ այլևս գերազանցիկ չեմ: Ես հասկանում եմ, որ անիմաստ է սովորել վճարովի դպրոցում, եթե գերազացիկ չեմ: 

Ինստագրամում երկրպագուներս իմ անունով էջերն են բացել: Նկարներս չեն տեղադրում դեռ, բայց գրում են, որ շատ լավ եմ խաղում, որին ի պատասխան ասում եմ` մերսի, բայց լինում են որ անհասականալի բաներ են գրում:  

Մենք ընտանիքով միշտ նայում ենք սիթքոմը: Ծնողներիս միշտ հետաքրքիր է, թե ինչպես եմ խաղում: Հաճախ են իմ խաղի մասին կարծիք հայտնում:

Եթե օրինակ «Ազիզյանները» գիշերը լավ չեմ նայել, օրվա ընթացքում մի հատ էլ եմ նայում: Երբ առաջին անգամ նայում ես լրիվ այլ տպավորություն է, իսկ երկրորդ անգամ լրիվ ուրիշ ձև ես հասկանում: Ես սիրում են նաև ֆիլմեր նայել, օրինակ երբ կլանված ինչ-որ ֆիլմ եմ նայում և կանչում են բակ խաղալու՝ չեմ գնում:  

Բակային խաղերից շատ սիրում եմ ֆուտբոլ:  Համակարգչային խաղեր էլ եմ սիրում, բայց երբ ձեռք բերեցի հեռախոսս, հիմա ամեն ինչ հեռախոսով եմ խաղում: 

Նախասիրություններ: Ռելա Մադրիդ ակումբի երկրպագու եմ, սիրում եմ Ռոնալդուին, Մեսիին: Ինձ համար Մեսին ծնված օրվանից տաղանդ է, իսկ Ռոնալդուն իր աշխատասիրության հաշվին է հասել այդ աստիճանի: Ես ֆուտբոլ ավելի շատ եմ նայում, քան խաղում:

Ինձ հաճախ են ճանաչում դրսում, լուսանկարվում հետս: Վերջերս նկարահանվել եմ Շարմի ֆիլմում, կարծում եմ՝ դրանից հետո ինձ ավելի շատ կճանաչեն: Օրինակ,  երբ հայտնի ես, հաճախ չես կարող քեզ ինչ-որ չարություններ թույլ տալ, իսկ ես սիրում եմ երբեմն-երբեմն ջրիկանալ: 

Երբ մեծանամ ուզում եմ ֆիլմեր նկարահանեմ:  Ինձ հետաքրքրում է նաև ռեժիսուրան, հետաքրքիր է դերասանի հետ աշխատանքը: Երբ օրինակ աշխատում ես դերասանի հետ և նա լավ է խաղում, ապա դա ռեժիսորի շնորհիվ է: 

Մարի՝ նույն ինքը Մարի Պետրոսյան

Երբ իմ կերպարի համար հայտարարվել էր քասթինգ, իմ գնալը շատ պահատական ստացվեց: Քասթինգի մասին  վերջին օրն եմ իմացել, միայն գիտեի, որ կերպարիս անունը Մարի է, ինչը ինձ ուրախացրեց: Առաջին փորձից հետո կրկին հրավիրեցին, բայց ես չգիտեի` ինչ նախագիծ է ինձ սպասվում, ում հետ եմ խաղալու: Մի քանի օր անց իմացա, որ խաղալու էի Հայկ Մարությանի հետ, իսկ երբ իմ դասախոսից՝ Աբել Աբելյանից զանգ ստացա, իմացա, որ անցել եմ: Չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը:  

Շատ ուրախ եմ, որ իմ խաղընկերները Ստեփանն ու Բորիսն են: Նրանց հետ ծանոթությունը իմ մեջ շատ բան փոխեց, չնայած որ Ստեփանը մեզանից փոքր է, բայց շատ հետաքրքիր մտածելակերպ ունի: Այս կարճ ժամանակահատվածում մենք շատ լավ ընկերներ դարձանք: Միասին ամեն նկարահանումից տարբեր տեղեր ենք գնում՝ պաղպաղակ ուտելու, զբոսնելու: Ի դեպ ասեմ, որ եղել են դեպքեր, երբ  Ստեփանը և Բորիսը միասին գնացել էին ինտերնետ ակումբներ խաղեր խաղալու և ինձ չէին տարել: 

Ես և իմ կերպարը իրար հետ նմանություն ունենք: Թիթիզ, սելֆի անող աղջիկ, ով սիրում է շոփինգի գնալ, բայց ես չէի անի այն, ինչ իրականում ցույց եմ տալիս սիթքոմում: Պետք է ասեմ, որ ես հաճախ եմ իմ կերպարի հետ, միշտ մտածում եմ՝ ինչ կաներ Մարին: Հաճախ եմ մտովի խոսում կերպարիս հետ: 

Երբ, օրինակ դիտում եմ սիթքոմը, մոռանում եմ, որ ես եմ խաղում: Ինձ դուր է գալիս մեր սիթքոմը, երբ անջատում եմ, և նորից եմ նայում, սկսում եմ զայրանալ, քանի որ կան բաներ, որոնք ես կարող էի այլ ձևով անել: Շատ քննադատ եմ և հաճախ զայրանում եմ ինձ վրա: Ինձ շատ հետաքրքիր է սիթքոմի զարգանումները, սիրում եմ նաև հետևել իմ մյուս ընկերների խաղին:

Ես տեսակով հանգիստ և ուրախ մարդ եմ: Սիրում եմ մենակ մնալ, կամ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, ասեմ, որ նաև փոփոխական եմ: Ի դեպ արդեն հոգնել եմ ինձանից, թե որքան փոփոխական կարող եմ լինել: Երբ օրինակ ոգեշնչվում եմ, սկսում եմ պարել: Հիմա պատրաստվում եմ կավագործության և նկարչության գնալ: Երբ հոգնած և հանգիստ եմ, սիրում եմ բնության գրկում լինել:

Սիթքոմում նկարահանելը ինձ օգնեց սելֆիի նոր ծրագրեր բացահայտել :) Իհարկե սա կատակ եմ անում, իսկ եթե ավելի լուրջ, սիթքոմը ինձ ինքնավստահություն է տվել: Մարդ երբ ինչ որ մի բան է անում, միշտ մեջը կասկած կա, արդյո՞ք ճիշտ է անում, թե ոչ: Հիմա ես վստահ եմ, որ ես ճիշտ ուղղով եմ շարժվում:

Անծանոթ մարդիկ իմ հանդեպ ավելի ուշադիր են դարձել: Ավելի շատ սեր են փոխանցում ինձ, դա իհարկե հաճելի է: Հայտնիությունը իմ կյանքում շատ բան չի փոխվել, բայց կարող եմ ասել, որ մի քիչ ազատություն է խլել: Այսքան ժամանակ ինչ նկարահանվում եմ միայն դրական կարծիքներ եմ լսում, թե սիթքոմի, թե իմ կերպարի:

Ազատ՝ նույն ինքը Բորիս Բաղդասարով 

«Ազիզյանները» սիթքոմում ամեն ինչ շատ պատահական եղավ: Ինձ երեկոյան զանգեցին և ասացին, որ նման նախագիծ կա, ուղարկում ենք տեքստը՝ սովորի: Ես անգամ հնարավորություն չունեցա ասել՝ կարող եմ արդյոք գնալ, թե ոչ, քանի որ անջատեցին հեռախոսը: Ես մտածեցի՝ ինչ-որ էպիզոդիկ դեր է, այնինչ՝ գլխավոր դերակատարներից մեկի կերպարն էր վստահված ինձ: Անկեղծ ասած, որ գնում էի անգամ չգիտեի, թե ուր եմ եկել, երբ դուրս եկա ինձ ասացին, որ սա մշտական դեր է: Երկու օրից ինձ զանգահարեցին և ասացին, որ երկրորդ քասթինգ կա: Այս ժամանակ ես ավելի պատրաստված գնացի: 

Դերասանական կազմից մի քանիսի հետ ծանոթացա արդեն նկարահանման ժամանակ: Մենք այնպիսի հարաբերությունների մեջ ենք, որ կարող եմ զանգել Ստեփանին և կանչել սուրճ խմելու: Բավականին հեշտ մտերմացանք իրար հետ և առաջին նկարահանման հրապարակում ծանոթացանք իրար հետ: Քանի որ Ստեփանը լրիվ սկսնակ էր, նրան հետ մի քիչ դժվար սկսեցինք:  Ստեփանը ինձ համար շատ տաղանդավոր երեխա է:

Ռեժիսորը ինձ սկզբից բացատրեց, թե ինչ է ուզում ստանալ ինձանից: Ես հասկացա, որ այն բոլոր կոմպլեքսները, այդ թվում տեսախցիկին գեղեցիկ երևալը, պետք է մի կողմ թողնեմ, քանի որ եթե միայն կենտրոնանամ դրա վրա, լավ չի ստացվի: Ես, անկեղծ ասած, որքան պետք է կարող եմ տգեղ լինել, այսինքն՝ դա ինձ համար երկրորդնական հարց է: Որքան կարողացա ստեղծեցի իմ կերպարը մինչև այն ժամանակ, երբ ռեժսիորն արդեն գոհ էր: Իհարկե ինքս ինձ համար փորձեր անում էի՝ հայացքս էի շտկում, փորձում էի, թե ինչպես պետք է ծիծաղեմ: 

Սիրում եմ տարբեր դերեր խաղալ: Ես դրանով պարզապես ապրում եմ: Երբ ես խաղում եմ, ես ապրում եմ: Ցավոք, դեռ հնարավորություն չունեմ մեծ բեմեր դուրս գալ, քանի որ սկսնակ եմ: Հայաստանում կինոյում նկարահանվելը բավականին բարդ է: Ես հնարավոր է առավոտյան արթնանամ և անկողնուս մեջ խաղամ՝ պատկերացնեմ, որ եղել է երկրաշարժ, իսկ վերմակս մեծ քար է, և ես ապրում եմ այդ իրավիճակում, կամ մի ֆիլմ նայեմ և սկսեմ դերասաններից մեկի կերպարում խաղալ: Ես իմ ազատ ժամանակը շատ տարբեր եմ տնօրինում: Կարող եմ օրինակ, դուրս գալ բակում ֆուտբոլ խաղալ, կամ տանը՝ Playstation, կամ էլ սրճարանում նստեմ և գիրք կարդամ: Իրականում ես շատ երազում եմ  ճանապարհորդելու մասին, ուզում եմ ողջ աշխարհը տեսնել: 

Հայտնիությունից շատ էի վախենում: Ես կարծում եմ՝ շատ հայտնի լինելը փչացնում է մարդուն: Շատերը գալիս են, որ պարզապես հայտնի դառնան՝ կայքերը իրենց նկատեն, ինստագրամում ավելի հետևորդներ ունենան, իսկ դա ինձ պետք չէ: Հաճելի է, որ մարդիկ ինձ նայում են և ժպտում են, հավանում են, թե ինչպես եմ խաղում: Պատասխանում եմ ինձ ուղղված նամակներին. ինքս էլ ուրախ կլինեի, եթե փոքր ժամանակ իմ սիրելի արտիստին գրեի և ինձ պատասխաներ:

Ընկերներ քիչ ունեմ:  Իմ ամենաչսիրած մարդկային բնավորությունը կեղծավորությունն է, ես նման մարդկանցից  հեռու եմ, քանի որ այդ մարդիկ դատարկ են և ոչ մի հետաքրքրություն չունեն: Երբ մարդմ անկեղծ է, շատ ավելի հաճելի է նրա հետ շփվել: Ես ունեմ երկու ընկեր, որոնք իմ մանկության ընկերներ են, բայց ես ամեն մեկին ընկեր չեմ անվանում:

Քանի որ սկսնակ եմ, ֆինանսական առումով պահանջկոտ չեմ: Մարդիկ հիմա ինձ տվել են հնարավորություն առաջ գնալու, ներկայանալու և ոչ մի գումարով չես գնի այդ հնարավորությունը: Ես չեմ կենտրոնանում, քանի որ ես չեմ պատրաստվում դերասանությամբ գումար աշխատել: Իհարկե, հնարավոր է ինձ այնպիսի դեր առաջարկեն, որ այնքան դուրս գա և անվճար նկարահանվեմ:

Շատ կուզեի էմոցիոնալ դեր ունենալ: Հիմա ես Ազատին պարզապես խաղում եմ, բայց կա դեր, որ ապրում ես և ճիշտ ես ներկայանում մարդկանց: Իհարեկ, այնպես չէ, որ ես շատ գոհ եմ իմ խաղացածից: Ես կուզեի շատ ուժեղ դերեր և ես այն մարդն եմ, ում օրինակ եթե ասեն անորեքսիկի դեր խաղա, ես  դիետա կպահեմ  և այնպես կնիհարեմ, որ մաքիմալ լավ ներկայացնեմ դերս: Լավ դերի համար ցանկացած բանի պատրաստ եմ: Հոլիվուդը իմ պիկն է, որին ես պետք է հասնեմ, իհարկե չարժե դեռ չեղած բանի մասին խոսել: Դուրս գալիս է, թե Հոլիվուդում ինչպես են գնահատում դերասանին, ինչի շնորհիվ էլ ֆիլմը որակ է ապահովում:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի