Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը
17:22 , 12 հունիս, 2017
Armenpress-ը գրում է.
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքը:
Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, մինչեւ լրագրողական աշխատանքի անցնելը դասավանդել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երեւանի պետական համալսարանում, «Անանիա Շիրակացի» համալսարանում։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1993 թվականին ԱԻՄ կուսակցության ռուսալեզու «Свобода» թերթում նախ որպես փոխխմբագիր, ապա գլխավոր խմբագիր։
1995 թվականի ապրիլից աշխատանքի է անցել ամերիկյան AIM_ Armenian International Magazine ամսագրում որպես երևանյան թղթակից: Ավելի ուշ ղեկավարել է Հայաստանի մամուլի ուսումնասիրության խնդիրներով զբաղվող «Թիմ» հասարակական կազմակերպությունը։ 1998 թվականից գլխավորել է «Համագործակցություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը։ Մարկ Գրիգորյանը նաեւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ներկայիս «Կովկաս» ինստիտուտի համահիմնադիրներից է, 2001 ին եղել է ինստիտուտի փոխտնօրենը։ 2002 թվականի հոկտեմբերի 22ին Երևանում նրա դեմ կազմակերպված մահափորձից եւ դրան հետեւած իրադարձություններից հետո բնակություն է հաստատել Լոնդոնում։
Միացյալ Թագավորությունում աշխատել է նախ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում (IWPR), իսկ 2003 ի սեպտեմբերից BBC հեռուստառադիոկորպորացիայում։ 2014 ին վերադարձել է Հայաստան, աշխատել PanArmenian Media Groupում, «Արմենիա» հեռուստաալիքում վարել «Հատման կետ» ծրագիրը, ATVում հեղինակել, վարել և հեռարձակել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը, ինչպես նաև «Տետատետ» հարցազրուցային ծրագիրը: 2016 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականն էր: