Հրազդանի քաղաքապետի 17-ամյա որդին հոր ծառայողական ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթ է կատարել և դիմել փախուստի


18:36 , 8 հունիս, 2017

Այսօր Կոտայքի մարզում վթար է տեղի ունեցել. Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ 58-ամյա Վալերի Թորոսյանին։ Վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել է և դեպքի վայրից դիմել փախուստի։ Հիվանդանոցում գիտակցության չգալով` հետիոտնը մահացել է։

Ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա 17-ամյա որդին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ Ռազմիկ Արամի Դանիելյանը։ Պարզվել է, որ Ռազմիկ Դանիելյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ 

Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը փորձում է մեկ ուրիշին ներկայացնել որպես վարորդ, որպեսզի իր տղան պատասխանատվության չենթարկվի։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները ձեռնարկվում են համատեղ գործողություններ՝ քաղաքապետի անչափահաս որդուն հայտնաբերելու ուղղությամբ։