«Այդ ամենի հիմնական պատճառը թերևս այն ֆինանսատնտեսական դժվարություններն են, որոնք Ադրբեջանն այսօր զգում է իր մաշկի վրա: Եթե փորձենք պատկերավոր ձևակերպել` այն մեծ տորթը, որ ժամանակին կար, փոքրացել է, բայց այդ տորթից օգտվողների թիվը չի պակասել: Կարելի է ասել, որ ներքին, կլանային պայքարը գնալով ուժգնանալու է, և հիմա մենք դրա սաղմերն արդեն տեսնում ենք»,- ասաց Հակոբյանը՝ հստակեցնելով խոսքը. «Օրինակ` բանակում կա խնդիր` երկու կլան միմյանց հետ մրցակցում են: Հարաբերություններ պարզելու լավագույն ձևերից մեկն էլ ընտրում են այն, որ, օրինակ, «հայկական հետախուզական ցանց» են բացահայտել: Էդ մարդկանց տանում են, առանց դատ ու դատաստանի գնդակահարում՝ մյուս կլանի դիրքերը թուլացնելու համար»:
Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանում ռազմաքաղաքական իրադրությունը հասել է լարվածության գագաթնակետին, և դրա վառ ապացույցն են վերջերս տեղի ունեցած պաշտոնանկությունները ԶՈւ և մյուս ուժային կառույցների հրամանատարական կազմերում:
Հակոբյանի բնորոշմամբ՝ կլանային մրցակցությունն իշխանական ամենատարբեր շերտերում է: «Եթե դիվանագիտական ապարատում նայենք` ինֆորմացիոն արտահոսքը եղավ դեսպանի մասնակցությամբ: Նման խնդիրներ առաջ քաշելով, մեկը մյուսի նկատմամբ նման արտահոսքեր կազմակերպելով` հակառակ կլանի ներկայացուցիչները փորձում են ոչնչացնել մրցակիցներին և նրանց մասնաբաժինն իրենցով անել»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ շարունակելով խոսքը, թե այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում լարված սոցիալ-տնտեսական վիճակ է:
Հակոբյանի խոսքով՝ այսպիսի մրցակցություն Ադրբեջանում միշտ է եղել, սակայն նավթադոլարների ներկայիս քանակը բոլորվին այլ իրավիճակ է ստեղծում: «Քանի որ տորթը փոքրացել է, նավթադոլարները նվազել են, մրցակցությունը սրվել է, հիմա արդեն ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես: Եթե առաջ այդ մրցակցությունը կարող էր կաբինետներում տեղի ունենալ, և մարդիկ չտեսնեին, հասարակությունը, միջազգային հանրությունը չտեսներ, հիմա արդեն արտահոսքերի տեսքով դուրս է գալիս այս ամենը, հայտնվում է համացանցում, ավելի սուր ու դաժան դրսևորումներ է ունենում: Եկամուտների նվազումը բերել է սոցիալական իրավիճակի, ճգնաժամի խորացմանը, և դրա դրսևորումները շատ ավելի դաժան ու անմարդկային են դառնում»,- նշեց նա և հավելեց, որ եթե անգամ այս օրվա նավթի գինը պահպանվի, Ադրբեջանի լավագույն տարիները, որոնց ընթացքում իշխող կլանը կուտակել է միլիոններ, անշարժ գույք, բանկերում` հաշիվներ, արդեն անցյալում են:
«Ադրբեջանական քաղաքական էլիտան ուզում է իր կենցաղավարությունը պահպանել նույն մակարդակի վրա, ինչը մեկը մյուսի հաշվին պետք է արվի: Ես մտածում եմ, որ Ադրբեջանում շատ ավելի բարդ իրավիճակ է լինելու շատ մոտ ապագայում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա կարծիքով՝ մեր հարևան երկրում տիրող այս խառնաշփոթ իրավիճակը կարող է հանգեցնել նաև սահմանային լարվածության աճին: «Վարկածներից մեկն այն է, որ Ալիևը կգնա պատերազմական գործողությունների, որպեսզի ներսում սոցիալական խնդիրներից ուշադրությունը շեղի: Չնայած սրան` պետք է ասեմ, որ անկախատեսելի է ամեն ինչ, այնքան տարրերից է բաղկացած, որ չես կարող այդ ամենը հաշվարկել և հասկանալ՝ ինչ սցենարով կգնան գործողությունները: Կա հայտնի ասացվածք. «Պատերազմը սկսում են այն ժամանակ, երբ ցանկանում են, և ավարտում են այն ժամանակ, երբ կարողանում են»: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի և, օրինակի համար, մեկ շրջան ևս կորցնի, այդ շրջանը հայտնվի հայկական վերահսկողության ներքո: Դա արդեն կտանի նրան, որ իշխանության տապալումն անխուսափելի կդառնա»,- նշեց Հակոբյանը՝ շեշտելով նաև, որ սահմանային լարվածության վերսկսման վարկածը հնարավոր է, բայց, այդուհանդերձ, վերլուծություններ անելիս պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, թե այդ ամենն ինչ կարող է տալ Ադրբեջանին:
Անդրադառնալով մայիսի 29-ի երեկոյան Թբիլիսիում անհետացած` Վրաստանում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի դեպքին, Հակոբյանը շեշտեց, որ այստեղ էլ խնդիրը բավականին բարդ է և համակողմանի վերլուծություն է ենթադրում: Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողի հարազատները հայտնել էին, որ լրագրողը ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
«Ադրբեջանի իշխանությունը` Ալիևի վարչակազմը, պարանոյիկ դրսևորումների մեջ է հայտնվել, մամուլի այն գրաքննությունը, որ կա, շատ բանի մասին է խոսում: «Ընդդիմադիր» բառն էլ անգամ չեմ ուզում օգտագործել, որովհետև ընդդիմություն ունենալու համար պետք է քաղաքական համակարգ ունենալ: Ադրբեջանում չկա դա, այնտեղ կա իշխող վարչակազմ, և կան մարդիկ, ովքեր համաձայն չեն տարվող քաղաքականությանը: Այդ չհամաձայնվողների մի մասը, փաստորեն, Թբիլիսիում գործունություն է ծավալում, և Ադրբեջանի իշանությունն այնքան պարանոյիկ դրսևորումների է անցել, որ նույնիսկ այդ մարդկանց է վտանգում իշխանության կայունության համար»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ ավելացնելով. «Ստացվում է, որ Ադրբեջանը Վրաստանին է հանձնել մարդկանց, ովքեր պատերազմական հանցագործներ չեն, տեռորիստներ չեն, ուղղակի մարդիկ են, ովքեր դեմոկրատական ճանապարհով փորձում են իրենց երկրում կամ Ադրբեջանի տարածքում խնդիրներ բարձրացնել: Այս ամենը Վրաստանի միջազգային վարկանիշին լրջագույն վնաս է: Իրականում ինչ հաշվարկներ ունեն վրացիները կամ ինչ են ստացել դրա դիմաց կամ ինչ կարող են ստանալ, կդժվարանամ ասել, սակայն Ադրբեջանը և Թուրքիան Վրաստանում լրջագույն տնտեսական ներդրումներ են արել, Վրաստանի էներգահամակարգը փաստացիորեն վերահսկում է ադրբեջանական ընկերությունը, և միգուցե այդ ճնշումներին վրացական պետությունը չի դիմացել»:
Հակոբյանը նաև ընդգծեց՝ պետք է նկատի ունենալ նաև, որ Վրաստանի վրա ճնշում գործադրելը Ադրբեջանի համար թանկ հաճույք է: