09:15 , 6 հունիս, 2017
«Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների տարեկան հաշվետվությունները տպագրվում են Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին պատկանող տպարանում: Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ 2016 թ. Երևանի զարգացման ծրագրով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար տպագրության է հանձնվել Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների տարեկան ամփոփ տեղեկագիր-հաշվետվությունը, որոնք տպագրվել են «Սամարկ» ՍՊԸ-ի կողմից համապատասխանաբար 10 000 հատ և 38 000 հատ քանակներով: Նշված աշխատանքների հետ կապված ծախսերն իրականացվել են «Երևան» հիմնադրամի միջոցով:
Քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել բոլոր պայմանագրերը, սակայն պարզվել է, որ կնքվել է ընդամենը 2 պայմանագիր, որոնք երկուսն էլ «Սամարկ» ընկերության հետ են կնքված: Դրանցից մեկի արժեքը կազմել է 5 միլիոն 850 հազար դրամ, մյուսը՝ 5 միլիոն 40 հազար դրամ:
Մի կողմ դնենք, որ քաղաքապետարանն իր աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար ավելի քան 11 միլիոն դրամ է ծախսել, այլ կենտրոնանանք այն հանգամանքի վրա, որ քաղաքապետարանը չի հիմնավորել, թե ինչո՞ւ է «աշխատանքներ կատարելու» պայմանագրերը կնքել հենց «Սամարկ» ընկերության հետ, այլ ոչ թե այլ հրատարակչությունների: Պարզաբանման կարիք չկա, որովհետև իրականությունն այնքան պարզ է. «Սամարկ» ընկերությունը պատկանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանին: Գնման պայմանագիրը եռակողմ է: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Երևան հիմնադրամի տնօրեն Ա. Ղազարյանը և «Սամարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Քոթանջյանը:
Ի դեպ, քաղաքապետարանը չի պատասխանել մեր հարցին, թե ինչո՞ւ տպագրված գրքույկների վրա նշում կատարված չէ տպագրող ընկերության մասին, նաև՝ տպագրված գրքույկների քանակի վերաբերյալ: Այս հանգամանքը կարող է հիմնավոր կասկածներ հարուցել, որ գրքույկները տպագրված չեն եղել 10 հազար կամ 38 հազար օրինակով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: