Կառավարության որոշման՝ Պարույր Հայրիկյանի բուժման համար տրամադրված 20 միլիոն դրամի մասին


20:00 , 28 մարտ, 2013

Իհարկե, այստեղ խնդիրը Պարույր Հայրիկյանի անձը չէ, ոչ էլ նրա ստացած վնասվածքի ծանրության հարցը, ոչ էլ կառավարության որոշումից դժգոհողների «չուզողությունը»: Ընդհակառակը՝ կառավարությունը իր որոշմամբ, թերեւս, վատություն է անում նախ Հայրիկյանին՝ այսպես թե այնպես, նրա դեմ տրամադրելով հանրության որոշակի հատվածի:

Իհարկե, ոչ մեկը չի ասում, թե պետք չէր Հայրիկյանի բուժման համար գումար հատկացնել: Անշուշտ, եթե դրա կարիքը կա, պետք է տրամադրել, բայց դա կարելի էր անել այլ կերպ, ուրիշ, այլընտրանքային միջոցների հաշվին, ինչը կառավարությունն ունի, այլ ոչ թե՝ աղքատիկ պետական բյուջեի միջոցներով…

Մինչդեռ պետբյուջեի հաշվին գումար է տրամադրվում այն դեպքում, երբ այդ միջոցների հույսին են մնացել հասարակության բազմաթիվ խավեր՝ 30 տոկոս աղքատներ, հազարավոր անօթեւան ընտանիքներ, օգնության կարիք ունեցող ազատամարտիկներ ու երեխաներ...