Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության (TÜSİAD) տնօրենների խորհրդի նախագահ Էրոլ Բիլեջիքը անդարադարձել է ձախողված հեղաշրջումից հետո այդ երկրում հայտարարված արտակարգ դրության հետևանքներին:
«Sputnik»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Բիլեջիքը մասնավորապես ընդգծել է, որ արտակարգ դրության պահպանման պայմաններում օտար ներդրողները հրաժարվում են նոր պայմանագրեր կնքել: Եվ այդ ներդրողների թիվն այնքան մեծ է , որ ուղղակի հնարավոր չէ դա անտեսել: Արտակարգ դրության ռեժիմի պատճառով խնդիրներ են ծագում նաև ուղևորությունների և առողջապահական ապահովագրության ոլորտում:
«Ներդրումները և արտահանումը արդեն երկար ժամանակ է՝ հետընթաց են ապրում: 2012-2016 թթ. ընթացքում միջին տնտեսական աճը նվազել է մինչև 5.3 տոկոս», -ընդգծել է TÜSİAD-ի նախագահը:
Բիլեջիքը նշել է, որ Թուրքիայի տնտեսական զարգացման վրա իրենց բացասական ազդեցությունն են ունեցել նաև մեկը մյուսին հաջորդած ընտրությունները, պարբերական ահաբեկչական գործողությունները, անվտանգության ցածր մակարդակը, ներգաղթյալների խնդիրը:
«Քանի դեռ չունենք իրավական, ժողովրդավարական պետություն և ազատ հասարակություն, չենք կարող խոսել աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու հեռանկարի մասին»,- նշել է նա: