Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի. Արա Բաբլոյանը կադրային ջարդի մասին լուրերին


14:03 , 28 մայիս, 2017

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ խորհրդարանում կադրային ջարդ չկա: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով իր 16 խորհրդականների և օգնականների կրճատելու որոշմանը, նշեց, որ այդ մարդիկ բանիմաց և արժանի մարդիկ են, սակայն ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի:

«Մենք համաձայնեցրել ենք բոլոր մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր պետք է դուրս գային, և այդ ամենը շատ գեղեցիկ ձևով իրականացնում ենք՝ չնեղացնելով մարդուն: Այդ մարդիկ արժանի, բանիմաց մարդիկ են: Միաժամանակ, կազմակերպությունը պետք է ունենա այնքան աշխատակից, որքան կարիք ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ նախագահը:

Նա հավելեց, որ իր համար ընտրում է այնքան աշխատակիցներ, որքան անհրաժեշտ է:

ՀՀ ԱԺ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ իր 22 օգնականներից և խորհրդականներից 16-ի հաստիքները կրճատելու որոշում է կայացրել: