Հայերի ցեղասպանությունը՝ ահա իրական գազանությունը. Վուպի Գոլդբերգ


00:16 , 13 մայիս, 2017

Իրական գազանությունը հայերի ցեղասպանությունն է և մարդկության հանդեպ այլ հանցագործությունները: Այդ մասին ABC հեռուստաալիքի The View հաղորդման եթերում հայտարարել է դերասանուհի և հեռուստահաղորդավար Վուպի Գոլդբերգը՝ մեկնաբանելով Սպիտակ տան մամլո քարտուղարի նոր տեղակալ Սառա Հաքաբի-Սանդերսի խոսքերը, ըստ որոնց՝ ԱՄՆ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի արարքը «գազանություն է»:

«Գիտի՞ արդյոք Սպիտակ տան ներկայացուցիչը, թե ինչ է նշանակում «գազանություն» բառը: Իրական գազանությունը Հոլոքոսթն է, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, հայերի ցեղասպանությունը և այլն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արդարադատության նախարության խորհրդով պաշտոնանկ է արել ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմիին, ով մեղադրվում է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի հանդեպ հետաքննության ընթացքում պաշտոնական իրավասությունների չարաշահման մեջ: