Եթե ես հայ եմ, ինչո՞ւ հայ չի կարող լինել այն սևամորթը


11:15 , 3 մայիս, 2017

Картинки по запросу հայ2008-ին սկսեցի հայերեն գրել: Հայոց գրականության և պատմության վերաբերյալ գիտելիքներս ամոթալի քիչ են և մեծ առումով սահմանափակվում են ցեղասպանությամբ ու Արցախով: Փաստացի՝ նույնիսկ Կոլումբիական գրականությունից ավելի տեղյակ եմ, քան հայկականից: Սա ինչ-որ տեղ նույնիսկ թերարժեքության բարդույթի պատճառ հանդիսացավ: Ենթադրում եմ, որ իմ՝ մշակութային այս թերի տեղեկացվածությունն է պատճառը, որ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնության հետ քաղաքակրթական անդունդի տարբեր կողմերում ենք: Ավելին՝ մշակութային տարաձայնությունները գնալով տրանսֆորմացվում են զզվանքի: Հայաստանում կա խիստ սահմանափակ մի խավ, որի հետ շփումը ինձ մոտ ուշ թե շուտ զզվանք չի առաջացնում:

Մոտ մեկ տարի է, ինչ ՀՀ քաղաքացի եմ, և մոտ 30 հազար տարի է, ինչ իմ գեն կրող նախնիներս բնակվում են Հայաստանում:

Հիմա մոտս հարց է առաջանում՝ ես հա՞յ եմ: Եթե ես հայ եմ, ինչո՞ւ հայ չի կարող լինել այն սևամորթը, որն ինձնից լավ է տիրապետում, օրինակ, հայոց լեզվին: Եթե ես հայ եմ, արդյո՞ք հայ են նաև թուրքական, քրդական, հունական, հրեա, մոնղոլ և այլ գեն կրող բազմաթիվ ՀՀ քաղաքացիները: Եթե հայ լինելը ենթադրում է լինել այն, ինչ կան ներկայիս ՀՀ քաղաքացիները, ուրեմն՝ մեր ինչի՞ն են պետք հայերը, որ դեռ մի բան էլ հայապահպանությամբ զբաղվենք...