Ինչ հետևություններ պետք է անել Դավիթաշենի հայտնի ծառահատման պատմությունից


14:21 , 29 ապրիլ, 2017

Image result for դավթաշեն ծառահատումՊատիժը պետք է լինի անխուսափելի, բայց ռացիոնալ ու տրամաբանական։ Ինձ թվում է՝ Դավիթաշենի հայտնի ծառահատման պատմության շուրջ ծագած ողջ աժիոտաժը հենց այն պատճառով է, որ մեր երկրում կաղում է թե՛ պատժի անխուսափելիության հարցը, թե՛ կայացված պատիժների ռացիոնալությունն ու տրամաբանությունը։ Նույն օրինակի վրա փորձեմ բացատրել։

Դիցուք՝ ծառահատման մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն իրոք ցանկացել է պարզապես էտել կամ էլ պարզապես այդ պատճառաբանությունն է բերում, որպեսզի մեղմի վիճակը։ Արդյո՞ք դա որևէ նշանակություն ունի պատժի խստության տեսանկյունից։ Կարծում եմ, որ չունի, որովհետև եթե մի պահ մոռանանք Դավիթաշենի այդ 23 բարդիներն ու նայենք, թե ինչպես է ծառերն էտում քաղաքապետարանը, ապա այս տրամաբանությամբ ահագին մարդու է պետք ձերբակալել, որովհետև ոչ մի տարբերություն չկա Սամսոնյանի էտած կամ էլ էտելու պատճառաբանությամբ կտրված 23 բարդիների ու հարյուրավոր այն ծառերի միջև, որոնք ամեն տարի էտում են պաշտոնական մարմինները։

Նորություն չեմ ասի, չէ՞, երբ ասեմ, որ ամեն տարի Ֆեյսբուքում այս թեմայով բուռն քննարկումներ էին լինում, ու անգամ մեմեր էին արդեն շրջանառվում, որ Երևանում էտով զբաղվում են ԻՊ-ից ժամանած ջիհադիստներ։ Այդ դեպքում ինչո՞ւ է պատժվում Սամսոնյանը ու չի պատժվում «ջիհադիստներին» ուղարկող չինովնիկը։ Չէ՞ որ խոսքը գնում է ոչ թե ինքնագործունեության, այլ վանդալիզմի մասին։ Ինչպես տեսնում եք, ռացիոնալություն չկա Սամսոնյանին պատժելու որոշման մեջ։ Եթե ծառերի նկատմամբ նման վերաբերմունքը վանդալիզմ է, իսկ պատիժը՝ անխուսափելի, ապա, Սամսոնյանից բացի, պետք է բազմաթիվ այլ մարդկանց էլ ձերբակալեն։

Երկրորդ գործոնը, որ տարակուսանք է առաջացնում այս պատմության մեջ․․․ Ես ծառեր, իհարկե, շատ եմ սիրում, բայց արդյո՞ք սա այն թեման էր, որ պետք է հասներ նախագահի մակարդակի։ Լավ, դա էլ մի կողմ․ արդյո՞ք անպայման պետք էր ազատազրկել մարդուն՝ անկախ նրանից՝ նա անչափահաս երեխաների հայր է, թե ոչ։ Երբ մեր երկրում շատ ավելի լուրջ զանցանքներ ու հանցանքներ գործած մարդկանց խափանման միջոցը գրեթե նույն օրը փոխվում է չհեռանալու մասին ստորագրության (էհ, Լիսկա ջան, բարեկամներիդ ականջը կանչի ու այն էլ՝ մի քանի անգամ), ապա ինչպե՞ս կարող է հասարակությունը ադեկվատ վերաբերվել կոնկրետ այս դեպքին։ Ստացվում է ձու ու ձի գողացողի պատմությունը։ Սա չի նշանակում, որ եթե ձի գողացողին բան չեն անում, ապա ձու գողացողի ճակատն էլ պետք է պաչեն, բայց մի բան միանշանակ կարող եմ ասել․ այս կերպ չես կարող ստեղծել պատժի անխուսափելիության զգացում հայկական հանրության մոտ, ոչ էլ այդ պատժի արդարացվածության ու արդարացիության մասով որևէ դրական բանի կարելի է հասնել։

Մի խոսքով՝ այս ամենում միակ լավ բանն այն է, որ այդ մարդուն, այնուամենայնիվ, ազատ են արձակել (խափանման միջոցը փոխվել է)։ Մյուս լավ բանը կլինի այն, որ ինչպես պաշտոնական գերատեսչությունները, այնպես էլ հասարակ մահկանացուներս ճիշտ հետևություններ անենք այս ամենից՝ ադեկվատ արձագանքել գործված զանցանքին ու հանցանքին, քիչ զբաղվել ինքնագլուխ գործունեությամբ, որը պոտենցիալ իրավախախտում կարող է լինել ու, ինչո՞ւ ոչ, ծառերը էտելու հասկանալի ու ադեկվատ մեթոդաբանություն մշակել ու ներկայացնել հանրությանը։