Յուրաքանչյուր ոք ունի ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունք


17:30 , 26 ապրիլ, 2017
No automatic alt text available.Մարդն իրավունք ունի տեղեկանալու, թե իր մասին ինչ տեղեկություններ են պահվում պետական մարմիններում կամ մասնավոր կազմակերպություններում:
Օրինակ` անձն իրավունք ունի բժշկական հաստատություններից պահանջելու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների մաuին: Կամ կարելի է նաև դիմել ստանալու դեղատանը կամ խանութում գնումներ կատարելու ժամանակահատվածում տեսահսկող սարքի արձանագրած տեսագրության պատճեն, որում պատկերված է անձը:

Ինքն իր մասին տեղեկություններ ստանալու համար անձը պետք է գրավոր դիմի այն մարմնին, կազմակերպությանը, որն, իր կարծիքով, տնօրինում է այդ տեղեկությունները: Տեղեկություն ստանալու հարցմանը մարմինը պարտավոր է պատասխանել 5-օրյա ժամկետում: Ընդ որում՝ տեղեկությունները պետք է տրամադրվեն անվճար:
Եթե տեղեկություն տնօրինողը (անձնական տվյալներ մշակող) հրաժարվում է անձին տրամադրել պահանջվող տեղեկությունները սահմանված ժամկետում, ապա վերջինս կարող է դիմել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:
Նշենք, որ ինքն իր մասին տեղեկություններ ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15 և 20 հոդվածներում: