Հրաչյա Հարությունյանը կարտահանձնվի ՀՀ. Պետությունը 153 մլն դրամ է փոխանցել ՌԴ-ին


12:47 , 26 ապրիլ, 2017

Հրաչյա Հարությունյանը կարտահանձնվի ՀՀ. Պետությունը 153 մլն դրամ է փոխանցել ՌԴ-ինPanARMENIAN.Net-ը գրում է.

Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո մոտ 4 տարի ՌԴ Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պատիժը կրող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման համար ՀՀ-ն ՌԴ-ին է փոխանցել այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է, գրում է «Հայկական ժամանակը»։

Այս մասին հայտնել է Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը տեղեկացրել էր, որ «ՀՀ իշխանությունները, արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»:

Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսին կայացված դատավճռով ճանաչվել էր քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը: Վ. Քոչարյանի խոսքով՝ Հարությունանի դեմ ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար:

Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին ԱՆ փոխնախարարը վաղ է համարել խոսելը: