Իտալիայում դատարանը բջջային հեռախոսը ճանաչել է որպես ուղեղի ուռուցքի պատճառ


23:24 , 21 ապրիլ, 2017

 Իտալիայի Իվրեա քաղաքի դատարանը որոշել է, որ օրական 3-4 ժամ բջջային հեռախոսով խոսելը 15 տարվա ընթացքում տեղական ընկերություններից մեկի կառավարիչի մոտ առաջացրել է ուղեղի բարորակ ուռուցք: Այդ մասին հայտնում է BBC-ն:
 Դիտարկելով 57-ամյա Ռոբերտո Ռոմեոյի կողմից ներկայացված հայցը, դատարանը համարել է, որ վնասի համար նրան հասնում է պետական կենսաթոշակ:
 «Աշխարհում առաջին անգամ դատարանը ընդունել է կապը բջջային հեռախոսի օգտագործման և ուղեղի ուռուցքի միջև»,- հայտարարել է բիզնեսմենի փաստաբանը:
 Ռոմեոն ինքը պատմել է, որ աշխատանքը կազմակերպելու համար իրեն անհրաժեշտ է եղել գործընկերների հետ խոսել անընդհատ` մեքենայում, տանը, 15 տարի շարունակ: «Սակայն ես վստահ եմ, որ մենք ավելի շատ պետք է իմանանք այն մասին, թե ինչպես օգտվել բջջայինից»,- նշել է իտալացին:

Դատարանը որոշել է տուժածին ամսական 500 եվրո վճարել Իտալիայի Ազգային ապահովագրական հիմնադրամից: