Իտալահայ գործարարը ցանկանում է Հայաստանում ներդրումներ իրականացնել


19:50 , 21 ապրիլ, 2017

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 21-ին ընդունեց իտալահայ գործարար, Միլանում Սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խուդավերդիին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարի ջանքերը՝ Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Երկարատև բանակցություններից հետո նրան հաջողվել է համաձայնություն ձեռք բերել խոշոր միջազգային կառույցի հետ՝ Հայաստանում ևս մասնաճյուղ բացելու վերաբերյալ: Խոսքը առևտրի կազմակերպմամբ զբաղվող «Future world trade LLC» կազմակերպության մասին է, որը մասնաճյուղեր ունի Իրանում, Թուրքիայում, Մալազիայում, Մեծ Բրիտանիայում: Հայաստանում կազմակերպությունը ցանցի միջոցով տարեկան 200 միլիոն դոլարի առևտրական գործարքներ կիրականացնի:

Սարո Խուդավերդին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Նա մանրամասն ներկայացրեց կազմակերպության հետ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, նշեց, որ նոր ծրագիրը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին: