2-րդ ճամբարափոխությունը կամ Ելք-ի «առվակների» կենսունակությունը


14:43 , 18 ապրիլ, 2017

Картинки по запросу անահիտ բախշյանԱպրիլի 2-ից մինչև Երևանի ավագանու ընտրություններն ընկած ժամանակահատվածը չափազանց կարճ էր վերազինվելու համար: Դրա հետևանքով մենք ունեցանք ինչ-որ չափով զավեշտալի իրավիճակ մայիսի 14-ին ընդառաջ:
Դժվար է հստակ հասկանալ, թե ինչ սկզբունքով ձևավորվեց Ելք դաշինքի ավագանու ցուցակը, հիշենք՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, ինչպես ինքն է ասում, թևերը քշտած խաղի մեջ մտավ Նիկոլ Փաշինյանը: Շատ ավելի տարօրինակ էր Անահիտ Բախշյանի անդամակցությունը Ելք-ին: Չենք կարող չասել, որ վերջին 50 օրվա ընթացքում սա Բախշյանի երկրորդ ճամբարափոխությունն էր:

Հարցն ամենևին Բախշյանի անհատական որակները չեն, այլ այն, թե Ելք դաշինքի այսօրվա ցուցակում ի՞նչ սկզբունքով են ընդունում թեկնածուներին: Ապրիլի 2-ի ընտրություններից առաջ Ազատ դեմոկրատների խրամատից հաճախակի էին հնչում կրակոցներ Ելք-ի հասցեին: Հիմնական պայքարը թիվ 1 եվրոպամետի տիտղոսի համար էր: Հենց այդ դաշինքի անդամ էր հանդիսանում Անահիտ Բախշյանը:

Հիմա, եթե «Բարև, Երևան» խմբակցության ավագանու անդամը կիսում էր Ելք-ի դեմ ուղղված մեղադրանքները, ապա ի՞նչ փոխվեց ընդամենը 10 օրվա ընթացքում: Մյուս կողմից էլ, եթե չի կիսել ու չի բարձրաձայնել, ապա հիմք ունենք կասկածելու, որ Բախշյանը «Ազատ դեմոկրատների» ցուցակում ընդգրկվել էր զուտ մանդատ ստանալու ակնկալիքով, իսկ այժմ էլ համալրել է Ելք-ի շարքերը՝ ավագանու պաշտոն ձեռք բերելու նպատակով: Այս դեպքում որքա՞ն է ռիսկը, որ Բախշյանը չի լքի Ելք-ի ցուցակը ավելի գայթակղիչ առաջարկ ստանալու պարագայում, թեկուզ հենց իշխանությունների կողմից:

Հ.Գ  Չնայած ինչպես հիշում ենք, այս սցենարը հարազատ է նաև Փաշինյանին: Հուսանք, որ ընտրություններից հետո Ելք-ը չի տրոհվի 25 առվակի ու վտակի: