Ամերիկյան ԶՈՒ-երը նոր ռազմական հենակետ են հիմնում Հալեպի քրդաբնակ Քոբանիի շրջանում (Photo)


04:13 , 15 ապրիլ, 2017

Ըստ որոշ տեղեկությունների՝ ամերիկյան ԶՈՒ-երը նոր ռազմական հենակետ (հնարավոր է՝ ռազմաբազա) են հիմնում Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգի հյուսիսարևելյան քրդաբնակ Քոբանիի (Այն ալ-Արաբ) շրջանում: Օրերս համացանցում տարածված արբանյակային լուսանկարները ֆիքսել են ամերիկյան ռազմատեխնիտա տեղափոխող շուրջ 2 տասնյակ բեռնատարներից կազմված ավտոշարասյունը, ինչի միջոցով ավելի է ամրապնդվելու ամերիկյան սահմանափակ ներկայությունն այս շրջանում:
Փաստորեն՝ քրդերի կողմից վերահսկվող ալ-Հասաքայից, ալ-Տաբկայից հետո Սիրիայի տարածքում ամերիկյան ռազմական ներկայության հերթական լուրջ հենակետ կարող է դառնալ Քոբանին: Կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմի նման մանևրները նախապատրաստական նշանակություն ունեն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սիրիական կենտրոնի՝ ալ-Ռակկա քաղաքի դեմ վճռական հարձակում իրականացնելուց առաջ: Բացի նշվածից՝ զուգահեռաբար ամերիկյան և հորդանանյան զինուժի ակտիվություն է նկատվում նաև Հորդանանի հյուսիսում՝ Սիրիային սահմանակից շրջաններում: