Ռուս-ամերիկյան հարաբերությունները այսքան խորը ճգնաժամում չէին եղել անգամ Օբամայի օրոք


19:17 , 12 ապրիլ, 2017

Թիլերսոնի այցի ու Լավրովի հետ բանակցությունների ֆոնին Պուտինի այս հարցազրույցը անհնար է դիտարկել այլ կերպ, քան Ռուսաստանի վերջնական ու սկզբունքային դիրքորոշում Իդլիբի քիմիական գրոհի ողջ պատմության մեջ։ Դիրքորոշումն էլ պարզ է ու հստակ․ եղբայր, կա՛մ Ասադի օդուժը, չիմանալով, թե ինչ է այնտեղ, հարված է հասցրել իսլամիստների քիմիական զենքի պահեստի, կա՛մ էլ հենց դուք եք բեմադրել այս ողջ պատմությունը, որպեսզի ինչ-ինչ նպատակների հասնեք։

Ի՞նչ է նշանակում սա։ Ի հեճուկս մեր գեղական-տնական որոշ «վերլուծաբանների» պատկերացումների՝ Պուտինը Ժիրինովսկին չէ ու չի կարող նման կարևոր բանակցությունների ֆոնին մի դիրքորոշում հայտնել, իսկ հետո ինչ-ինչ դիվիդենտների դիմաց իր խոսքերից հրաժարվել։ Ասել կուզեմ՝ զուր մի սպասեք, որ հեսա Ռուսաստանը վեր կկենա ու կասի, որ իրոք Ասադն է մեղավորը, ու դրա դիմաց ինչ-որ շահեկան լուծումներ կստանա Սիրիայում, Ուկրաինայում, պատժամիջոցների մեղմացման հարցում և այլն։

Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է. Ասադը չի ձեռնարկել քիմիական գրոհ, ուստի մենք չենք ճանաչի ու ընդունի որևէ գործողություն, որը հենված կլինի այդ հիպոթեզի վրա։ Այլ հարց է, թե որքան հեռու է պատրաստ գնալ Ռուսաստանն իր դաշնակցային համբավը պահպանելու համար և որքան հեռու է պատրաստ գնալ ԱՄՆ-ն՝ Ռուսաստանի քիթը Սիրիայում տրորելու համար։

Դատելով ռուսական ԶԼՄ-ների շեշտադրումներից ու տրամադրություններից՝ Ռուսաստանում էլ չգիտեն այս հարցի պատասխանը ու լարված սպասում են Թիլերսոն-Լավրով բանակցությունների հանգուցալուծմանը։ Մնում է արձանագրել միայն, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այսքան խորը ճգնաժամում չէին եղել անգամ Օբամայի օրոք։