«Աստղային զգեստապահարան». Մարտա Կիրակոսյան


18:15 , 11 ապրիլ, 2017

«Աստղային զգեստապահարան»-ի այս շաբաթվա հերոսուհին երգչուհի Մարտա Կիրակոսյանն է: «Հագնվելու համար ինձ պետք չեն հսկայական գումարներ. չեմ կարևորում հագուստի արժեքը և բրենդը»,- նշում է երգչուհին և ներկայացնում իր հինգ տարբեր լուքերը: 

Աշխատանքի գնալիս 

Այս ոճը երևի թե ինձ համար ամենահարազատն է և ամենահարմարը: Այս տեսքով ես կարող եմ գնալ աշխատանքի, զբոսանքի և, օրինակ, ծննդյան խնջույքի: 

Հագնվելու համար պետք չեն հսկայական գումարներ: Ես չեմ կարևորում հագուստի արժեքը և բրենդը: Չեմ տառապում բրենդամոլությամբ: Երբեք չեմ հասկանում մարդկանց, ովքեր գումար են տալիս և գնում են ոչ օրիգինալ հագուստ հայտնի բրենդներից: Այդպես ուզում են խաբել իրե՞նց, թե՞ դիմացինին: Այդ ամենն ինձ համար շատ ծիծաղելի է։ Ես նախընտրում եմ ունենալ քիչ, բայց օրիգինալ հագուստներ կամ հագուստի պարագաներ՝ լինեն դրանք հայտնի, միջին բրենդների կամ ոչ մի բրենդ չունեցող, ավելի հասանելի, հասարակ:

Կարևոր խնջույքների գնալիս

Այս տեսքով կարող եմ ներկայանալ կարևոր միջոցառումների և ծննդյան խնջույքների: 

Ես հաճախ կարող եմ ձևափոխել իմ հագուստը, օրինակ՝ ներկել կոշիկներս կամ վերնաշապիկներս ձևափոխել: Հաջող ձևափոխումից հետո կարող եմ օրերով գովել ինձ և ընկերներիս էլ խնդրել, որ ինձ գովեն :) 

Ես կարող եմ շատ տարբեր ոճերում լինել, բայց ավելի շատ նախընտրում եմ սպորտայինը: Սիրում եմ, երբ աղջիկը հագնում է սպորտային, բայց, միևնույն ժամանակ, լինում է կանացի: Կարելի է հագնել, օրինակ, շատ կարճ կամ շատ բաց զգեստ, բայց այնպես ներկայացնել, որ բացարձակ վուլգար չլինի: Չեմ սիրում, երբ հագնվում են տվյալ տեղին ոչ համապատասխան: Սիրում եմ, երբ կտրուկ տարբերվում է ամենօրյա տեսքդ ինչ-որ հատուկ միջոցառումից: 

Զբոսնելիս

Այս տեսքով կարող եմ գնալ ինչ-որ խնջույքի կամ պարզապես զբոսնելու: Կիսաշրջազգեստի չափսն այնպես է, որ չի խանգարում երկար զբոսանքին:)

Կարող եմ շաբաթվա մեջ յոթ անգամ գնումներ անել, բայց, միևնույն ժամանակ, մեկ-երկու ամիս բացարձակ ոչինչ չգնել:

Ամենասիրելի գույնս միշտ սևն է եղել, բայց վերջերս ստացվել է այնպես, որ ինձ մոտ կանաչի երանգներով հագուստներ են շատ ավելացել: Ես ավելի շատ սիրում եմ մեկ գույնի երանգների համադրությունը: Չեմ սիրում շատ ու տարբեր գույներ իրար հետ համադրել:

Սրճարան գնալիս

Կիսաշրջազգեստներ, առհասարակ, սիրում եմ հագնել զբոսնելիս: Օրինակ՝ այս տեսքով կարող եմ գնալ սրճարան։

Երբ գնում եմ գնումների, երբեք չգիտեմ՝ հստակ ինչ եմ ուզում: Ասեմ ավելին, եթե հստակ գիտեմ՝ ինձ հարկավոր է կոշիկ, կգնամ և կգնեմ ամեն ինչ՝ բացի կոշիկից: Ես պետք է սկզբում բոլոր խանութները մտնեմ, որից հետո նոր սկսեմ գնումներս: Շատ-շատ երկար եմ ման գալիս, բայց շատ մեծ հաճույքով: Սիրում եմ, երբ մենակ եմ գնում գնումների, ոչ ոքի չեմ խանգարում»:

Ակումբ գնալիս

Այսպիսի տեսքով կարող եմ գնալ ակումբ, չնայած ակումբներ չեմ գնում :) 

Չեմ կարող ասել, որ միշտ հետևում եմ թրենդներին, բայց հիմա այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ, ուզած-չուզած, աչքիդ տակ ընկնում են ներկայիս թրենդները: Երբեք չեմ հետևում, և շատ դեպքերում ինձ դուր չեն գալիս ներկայիս թրենդները: Ես միշտ հագնում եմ այն, ինչ ինձ առաջինը՝ սազում է, երկրորդ՝ ինչ ինձ համար գեղեցիկ է և ճաշակով: Իհարկե, եղել են դեպքեր, երբ որևէ դիզայների ինչ-որ նորություն եմ տեսել և դրանից ոգեշնչված՝ ինչ-որ հագուստներ իրար հետ համադրել եմ: Կարևորը՝ լինես միշտ անհատականություն, պահես քո ոճն ու տեսակը, չանես այնպիսի բաներ, որոնք քոնը չեն, և չփորձես կրկնօրինակել ինչ-որ մեկին»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան