Մեծ պահք, օր երեսունմեկերորդ


13:35 , 29 մարտ, 2017
Картинки по запросу մեծ պահքՊատասխան տվեց Մովսեսն ու ասաց. «Եթե ինձ չհավատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թե՝ Աստված քեզ չի երևացել), ես ի՞նչ ասեմ նրանց»: Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»: Սա ասաց. «Գավազան»: Նա ասաց. «Գետի՛ն գցիր դա»: Մովսեսը գետին գցեց գավազանը, այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ դրանից: Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր դրա պոչից»: Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, և օձը գավազան դարձավ իր ձեռքում: «Այդպես կանես, որպեսզի քեզ հավատան, որ քեզ երևացել է նրանց հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Տերը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, և ձեռքը ձյան նման սպիտակեց, ինչպես բորոտների մոտ է լինում: Աստված ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, հետո հանեց այն իր ծոցից, և ձեռքը վերստացավ իր մարմնի նախկին գույնը: Աստված ասաց. «Եթե չհավատան քեզ և չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան քո երկրորդ նշանին: Եթե պատահի, որ չհավատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կվերցնես, կթափես գետին, և գետից քո առած ջուրը գետնի վրա արյուն կդառնա»: Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մինչև օրս ես պերճախոս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ, որովհետև անվարժ եմ խոսում, ծանրախոս եմ»: Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին: Մի՞թե ոչ ես՝ Աստվածս: Արդ, գնա՛, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»: Մովսեսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»: Տերը խիստ բարկացավ Մովսեսի վրա ու ասաց. «Մի՞թե ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ: Գիտեմ, որ նա քո փոխարեն փայլուն կխոսի: Նա քեզ ընդառաջ կելնի և քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կուրախանա: Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շրթներին: Ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կսովորեցնեմ այն, ինչ պետք է անեք: Ժողովրդի հետ քո փոխարեն նա կխոսի, նա կլինի քո խոսափողը, իսկ դու նրա համար կլինես ներշնչող Աստված: Այն գավազանը, որ օձ դարձավ, կառնես ձեռքդ և դրանով նշաններ կգործես»: Մովսեսը գնաց իր աներոջ՝ Հոթորի մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»: Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»:
Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանվել էր եգիպտացիների արքան, Տերը Մադիամում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև արդեն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»: Մովսեսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրա ու վերադարձավ Եգիպտոս: Մովսեսն իր ձեռքն առավ գավազանը, որ Աստված էր տվել իրեն: Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարավոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տվել եմ քո ձեռքը: Ես խստասիրտ կդարձնեմ փարավոնին, և նա ազատ չի արձակի ժողովրդին:
(Ելից գիրք 4:1-21)