Թրամփը «թարս բուսնեց» Պուտինի համար


13:00 , 26 մարտ, 2017
Картинки по запросу դոնալդ թրամփՇատերը մտածում էին, որ ԱՄՆ-ում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղի կունենա դրական կտրուկ տեղաշարժ։ Այդպես էին մտածում նաև Մոսկվայում։ Օբամայի վարչակարգի վերջին հակառուսական խոշոր ձեռնարկին, երբ ԱՄՆ-ից արտաքսվեցին մոտ 90 ռուսաստանցի դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամները, որոնց Վաշինգտոնը մեղադրում էր ոչ դիվանագիտական գործունեությամբ զբաղվելու մեջ, Պուտինը այդ հակառուսական դեմարշին չպատասխանեց՝ հույս ունենալով, որ ԱՄՆ ապագա ղեկավարությունը կվերանայի Օբամայի այս որոշումը և քայլեր կձեռնարկի լիցքաթափելու ռուս-ամերիկյան հարաբերությունները։
Ես ինքս երբեք էլ կողմնակից չեմ եղել այն տեսակետի, որ Թրամփը կտրուկ կփոխի Վաշինգտոնի վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։
Այս երկու ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահը ոչ միյան ոչ մի դրական քայլ չկատարեց Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, այլև հակառակը։ Մարտի 25-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է մտցրել ռուսաստանյան մի քանի հայտնի կազմակերպությունների նկատմամբ, որոնց մեղադրել է Հյուսիսային Կորեային, Իրանին և Սիրիային բարձրակարգ ռազմական տեխնոլոգիաներ տրամադրելու և զենք վաճառելու մեջ։ «Պատժվածների» մեջ է աշխարհահռչակ «Ռոսօբորոնէքսպորտը», որի անցյալ տարվա շրջանառությունը կազմել է 17,3 միլիարդ ռուբլի, իսկ մաքուր եկամուտը՝ 5,85 միլիարդ ռուբլի։ Պատժամիջոցների տակ են ընկել «Oդանավերի վերանորոգման 150-րդ գործարանը», «Ավիաէքսպորտ» կազմակերպությունը, «Բազալտ» գիտա-արտադրական միավորումը, որի տարեկան շրջանառությունը 7,5 միլիարդ ռուբլի է, «Մեքենաշինական կոնստրուկտորային բյուրո» գիտա-արտադրական կորպորացիան, Գլխավոր մարշալ Բուգաևի անվան Ուլյանովսկի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը, Ուրալի քաղաքացիական ավիացիայի ուսումնական կենտրոնը, Պրոֆեսորներ Ժուկովսկու և Գագարինի անվան ռազմա-օդային ակադեմիան։
Թրամփի վարչակարգի այս որոշումը բավական ցավոտ հարված է Պուտինի համար, քանի որ նավթի և գազի վաճառքից բացի՝ միայն զենքի և զինամթերքի վաճառքն է բավական մեծ եկամուտ բերում ՌԴ-ին։ Ու հիմա ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառում ռուսաստանյան ռազմա-արդյունաբերական համալիրի ամենահայտնի ներկայացուցիչների դեմ։
Ինչպես կարելի է կռահել, Թրամփը «թարս բուսնեց» Պուտինի համար։
Հետաքրքիր է, թե հիմա Պուտինը ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ նոր վարչակարգի հակառուսաստանյան այս որոշմանը, թե դեռ պատրանքներ ունի ԱՄՆ նոր ղեկավարության պահով։