Թուրք նախարարին արտաքսում են Նիդերլանդներից


14:00 , 12 մարտ, 2017
Картинки по запросу fatma betül sayan kayaԵրեկ, երբ Հոլանդիայի իշխանություններն արգելեցին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ինքնաթիռին վայրէջք կատարել Ռոտերդամի օդանավակայանում, Թուրքիայի ընտանիքի հարցերով և սոցապ նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան հայտարարել էր, որ ոտքով կհասնի Ռոտերդամ։ Արդեն երեկոյան հոլանդական ԶԼՄ-ները տեղեկացրին, որ Ֆաթմայի մեքենան հոլանդացի ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Ռոտերդամի մոտ գտնվող բենզալցակայաններից մեկում և թույլ չեն տվել վերջինիս մտնել քաղաք։ Քիչ առաջ Ֆաթմա խանումը իր twitter-յան էջում գրառում է կատարել և տեղեկացրել օգտատերերին, որ Հոլանդիայի իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել իրեն երկրից. «Ոտնահարելով բոլոր համամարդկային և ժողովրդավարական արժեքները՝ հոլանդական Նեյմեգեն քաղաքով ինձ արտաքսում են Գերմանիա։ Թուրքիայի ԲՈԼՈՐ քաղաքացիների անունից դատապարտում եմ այս որոշումը։ Համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի ֆաշիստական այս գործողությանը։ Կտրականապես անընդունելի է կին նախարարի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը»,- բողոքել է Քայան։
Որքան կռահելի է, սույն անկոչ հյուրը, ով շատ վիրավորված է այն հանգամանքից, որ իրեն դուրս են անում մի երկրից, ուր նա ժամանել է առանց թույլտվության, միտումնավոր է նշում այն քաղաքը, որտեղից նրան պետք է արտաքսեն Գերմանիա։ Նա հույս ունի, որ հոլանդաբնակ թուրքերից շատերը կժամանեն Նեյմեգեն և տուրուդմփոց կսարքեն այնտեղ, ինչպես դա եղել էր այսօր գիշերը Ռոտերդամում՝ Թուրքիայի հյուպատոսարանի մոտ։ Չավուշօղլուին աներեսությամբ ոչնչով չզիջող սույն տիկինը բողոքում է Թուրքիայի ԲՈԼՈՐ քաղաքացիների անունից և Նիդերլանդներն անվանում է ֆաշիստական երկիր այն դեպքում, երբ նույն Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ (քրդեր, հայեր, թուրքեր) Էրդողանի ռեժիմը նմանեցնում են Հիտլերի ֆաշիստական վարչակարգին և հավանաբար թույլ էլ չեն տվել ագրեսիվ այս տիկնոջը խոսել իրենց անունից։
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս Թուրքիայում կվերաբերվեն մի քաղաքական գործչի, ով, անտեսելով թուրքական իշխանությունների հորդորները և որոշումները, առանց Անկարայի թույլտվության պարզապես կներխուժի Թուրքիա և կփորձի ապացուցել, որ թքած ունի թուրքական իշխանությունների որոշումների վրա։ Իմ կարծիքով՝ իրեն հարգող ոչ մի երկիր դա թույլ չի տա, այդ թվում նաև՝ Նիդերլանդները։