Վալդայն ու Հայաստանը


15:02 , 11 մարտ, 2017
Այսօր առիթ ունեցա մասնակցելու Վալդայի դիսկուսիոն ակումբի արտագնա նիստին, որը անց էր կացվում Երևանում։ Մի երկու բառով կիսվեմ տպավորություններովս։

Եթե հակիրճ, ապա Վալդայը հարթակ է, որտեղ Ռուսաստանի ու այլ երկրների ակադեմիական շրջանակների հանրային կարծիք ձևավորող դեմքերը կիսվում են աշխարհի ու ռեգիոնալ զարգացումների մասին ունեցած իրենց տեսլականներով, բանավիճում են, ձևավորում են բավականին լուրջ քաղաքական ու քաղաքագիտական օղակների հանրային օրակարգը։ Այս առումով բավականին լուրջ քայլ էր Վալդայը Հայաստան բերելը, եթե, իհարկե, երևույթը ստանա որոշակի շարունակականություն ու հարատևություն։

Ինչո՞ւ է սա կարևոր։ Նախ՝ պետք է հասկանանք, որ, ի հեճուկս մեր պատկերացումների, ամբողջ աշխարհի համար չէ, որ Հայաստանը՝ իր խնդիրներով, շահերով, առավելություններով ու թերություններով հանդերձ, ընկալվում է որպես տիեզերքի կենտրոն։ Ասեմ ավելին՝ բացի Հայաստանից՝ ոչ մի այլ տեղ մեր երկիրն այդպես չի էլ ընկալվում։ Իսկ մեծ տերություններում ու մասնավորապես՝ Ռուսաստանում մենք առավել հաճախ ընկալվում ենք որպես պերիֆերիկ գործոն և ոչ ավելին։ Կարելի է ցասումնալից կիտել հոնքերը, կծկել հայու գենի մկանները, ցիտել Նժդեհին ու նեղանալ աշխարհից ու մասնավորապես՝ Ռուսաստանից (սովորաբար դա էլ անում ենք), կամ էլ կարելի է ընդունել ռեալ քաղաքականության խաղի կանոնները ու ավելի գործուն քայլերով փոխել ոչ այնքան շահեկան ընկալումը։ Վալդայը ու համանման հարթակները մեզ մոտ հյուրընկալելը հենց այդպիսի քայլերից է։

Ու իրականում այդքան էլ էական չէ, թե կոնկրետ ինչ է խոսվում, ու ինչ շեշտադրումներ են արվում այդպիսի միջոցառումների ժամանակ ռուս, հայ ու այլ ազգերի ներկայացուցիչ փորձագետների կողմից։ Կարևորը, որ Հայաստանի գործոնը ավելի ծանրակշիռ է դառնում, իսկ մեր ձայնն ու մեր տեսլականները՝ ավելի լսելի։ Պայմանով, իհարկե, որ մենք ձայն հանում ենք, ու մեր ասելիքի մատուցման որակը լավն է։ Կարծում եմ, որ գոնե այս անգամ դա հաջողվեց, ու հատկապես կառանձնացնեի Վիգեն Սարգսյանի ելույթը։ Դժվար առարկեք, որ մի տեսակ հաճելի է, երբ նման միջազգային հարթակներում, մեղմ ասած, ամոթով չես մնում, երբ քո երկրի նախարարը կարողանում է մի ժամ խոսել Հայաստանի, տարածաշրջանի ու գլոբալ զարգացումներից, դա անում է վարժ ու սահուն ռուսերենով և առանց վաղօրոք գրված ճառի։

Մեծ հաշվով՝ այս ամենը հումանիտար քաղաքականության տարր է, երբ մեր երկիրն իր մեսիջները կարողանում է հղել ոչ օֆիցիալ օղակներով ու հղում է այնպիսի թիրախային լսարանի, որը, բավականին բարձր ինտելեկտուալ ցենզ ունենալուց զատ, նաև ազդեցություն ունի նույն Ռուսաստանի քաղաքական իսթեբլիշմենթի կարծիքի վրա։ Օգտագործելով այս հարթակները՝ մենք դիվերսիֆիկացնում ենք մեր ազդեցության մեխանիզմները Ռուսաստանի վրա ու ստիպված չենք լինում ապավինել նույն Հայերի միության վրա կամ էլ տարբեր թոք շոուներում քոչող, վճարովի լոբբիստ-փորձագետներին․․․ Մի խոսքով՝ լավ է, վերջապես ինչ-որ քայլեր արվում են արտաքին քաղաքականության կուրսում, որոնք բխում են ժամանակի ոգուց ու տրամաբանությունից։