ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Փարիզ
16:12 , 7 մարտ, 2017
Armenpress-ը գրում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Փարիզ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ի թղթակիցը, Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ Նախագահի հանդիպումները Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների` Ազգային ժողովի և Սենատի նախագահներ Կլոդ Բարտոլոնի և Ժերար Լառշեի հետ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Փարիզում ՀՀ Նախագահը կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Նույն օրը երեկոյան նախատեսվում է հանդիպում Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Այցի երկրորդ օրը Հանրապետության Նախագահը կմեկնի Լիոն: Սեր Սարգսյանը ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Լիոնում նախատեսվում է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: