12:07 , 25 փետրվար, 2017
Armenpress.am-ը գրում է.
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում փետրվարի 25-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ` հայտնելով կորուստների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Ռազմական բախման հետևանքով մեր զինված ուժերը կորուստներ են կրել»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ` չհստակեցնելով սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: