Տնտեսությունը «կլիցքավորվի» 7 մլրդ դրամով


10:53 , 25 փետրվար, 2017

Գործադիր մարմնի կողմից հավանության են արժանացել յոթ ձեռնարկությունների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման համար արտոնությունների տրամադրման հայտերը:

Արտոնությունների շրջանակներում ընկերությունները կկարողանան ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք և նյութեր՝ ազատված լինելով ներմուծման մաքսատուրքից:

Ներդրումային ծրագրեր ներկայացրած ընկերություններից երեքը զբաղվում են արևային մարտկոցների, գինեգործական և դեղագործական արտադրությամբ:

Ինչ վերաբերում է մյուս ընկերություններին, ապա նրանք ստացել են ներմուծվող ապրանքների դիմաց գանձվող ԱԱՀ-ի վճարման երեք տարվա մարման արտոնություն: Այս ընկերությունները զբաղվելու են հիմնականում ծխախոտի արտադրությամբ, ջերմոցային տնտեսությամբ, այգեգործությամբ, ինչպես նաև հիդրոէներգոկասկադի կառուցմամբ: Ընդհանուր առմամբ ներկայացված ներդրումային ծրագրերը կազմում են 7 մլրդ դրամ: Դրանց արդյունավետ կիրառումը կարող է նոր շունչ հաղորդել տնտեսությանը: