Ալիև-փաշաևների համար Ադրբեջանը բիզնես նախագիծ է


14:36 , 23 փետրվար, 2017

Картинки по запросу ալիև մեհրիբանԱդրբեջանի ֆինանսատնտեսական ցուցանիշներին հետևողներն ու գործընթացի դինամիկայից գլուխ հանողները կփաստեն, որ տնտեսական կրախն այս պետությունում ժամանակի հարց է միայն: Միևնույն ժամանակ, Բաքուն հայտարարում է, որ պատրաստվում է միլիարդների հասնող նոր ռազմատեխնիկական պայմանագրեր ստորագրել:

Հակասություն չկա: Ադրբեջանի վերնախավում հայտնված կլանները պետությունը դիտարկում են որպես անսպառ հարստացման ու հարստահարման միջոց: Ալիև-Փաշաևների համար Ադրբեջանը բիզնես նախագիծ է` անընդհատ հարստանալու տրամաբանությամբ: Իսկ տակով արած հարստությունը վերածվում է Ադրբեջանից հեռու գտնվող երկրներում անշարժ գույքի և արևմտյան բանկերում միլիարդների հասնող հաշիվների: Այս գործընթացը չի կարող կասեցվել:

Բայց քանի որ նավթադոլարները պակասել են ու շարունակելու են պակասել, պետական արժույթի կայունությունն էլ պահվում է արտարժութային միջոցների՝ բառիս բուն իմաստով մսխմամբ, իսկ պետական բյուջեի ծախսային մասը բավարարելու է միայն սոցիալական պարտավորությունների կատարմանը, ապա փողը գողանալու լավագույն ոլորտը մնում է պաշտպանության համակարգը, ավելի կոնկրետ` ռազմատեխնիկական մատակարարումներից «ատկատը»:

Ի՞նչ են անելու. սահմանին իրավիճակը դոզավորված լարելու են, միևնույն ժամանակ` ավելացնելու են ժողովրդի մեջ ներարկվող հայաֆոբիայի չափաբաժինը: Եվ այս համատեքստում առաջ են տանելու այս թեզը` «փող չկա, բայց պետք է զինվենք ու ազատագրենք Ղարաբաղը»: Ու հենց այս կարգախոսով էլ միլիարդներն ուղղելու են նոր ռազմատեխնիկական համաձայնագրերին, ստանալու են «ատկատներն» ու տեղավորելու են արդեն իսկ ահռելի չափերի հասնող իրենց արտասահմանյան ակտիվներում...