Ադրբեջանի խորհրդարանը «Ռազմական դրության մասին» նոր օրենք է ընդունել


07:52 , 15 փետրվար, 2017
Image result for мили меджлис азерՓետրվարի 14-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց «Ռազմական դրության մասին» օրենքը, որը փոխարինելու եկավ դեռևս 1994թ. ընդունված և մինչ օրս գործող «Ռազմական դրության մասին» օրենքին: Նոր ընդունված իրավական փաստաթղթում նշվում է, որ երկրում ռազմական դրություն կարող է հայտարարվել հանրապետության որոշակի մասի փաստացի օկուպացման, այլ պետության կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, ինչպես նաև երկրի նկատմամբ ռազմական հարձակման իրական սպառանալիքի դեպքում:
Հարևան հանրապետությունում «Ռազմական դրության մասին» նոր օրենքի ընդունման ժամկետի ընտրությունը պատահականություն չէ: Ալիևի կողմից ապրիլյան ռազմական գործողությունների սանձազերծման արկածախնդրությունից հետո էապես մեծացել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման, ռազմական լոկալ բախումների մեջ ներքաշվելու ռիսկերը: Հետապրիլյան ժամանակահատվածում տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացներում անկանխատեսելիության շրջանակների ընդլայնման միտումը նոր մարտահրավերներ բերեց Ալիևի իշխանության պահպանման համար, ինչն, ըստ էության, չէին հաշվարկել Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունում: Այս տեսանկյունից «Ռազմական դրության մասին» նոր օրենքի ընդունումը կարևորվում էր առաջին հերթին լոկալ ռազմական գործողությունների ներքաշման հնարավորության պարագայում Ադրբեջանում քաղաքական անկայունության զսպման և հեղաշրջման հնարավոր զարգացումների կանխարգելման համատեքստում: Սակայն իրատեսական սցենար պետք է համարել այն, որ Ալիևի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական կողմի ակտիվ խորքային ու լայնածավալ գործողությունների ձեռնարկման հնարավորության հանգամանքներում Ադրբեջանում քաղաքական ճգնաժամի ու հեղաշրջման զարգացումները թերևս անխուսափելի կլինեն: