Թուրքիան հաստատուն քայլերով գնում է կա՛մ ինքնաոչնչացման, կա՛մ նոր ռազմական հեղաշրջման


13:19 , 10 փետրվար, 2017
Картинки по запросу թուրքիա ռազմականԹուրքիայում 2016թ. հուլիսի 20-ից հայտարարված է արտակարգ դրություն: Արտակարգ դրությունը հաջորդել է 2016թ.-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի ձախողմանը: Թուրքիայում շատերը կարծում են, որ այս հեղաշրջման փորձը բեմականացված է եղել Էրդողանի կողմից, և որ նպատակ ուներ ազատել Էրդողանի ձեռքերը և մաքրել քաղաքական դաշտը անցանկալի անձանցից: Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 16-ից մինչ օրս ձերբակալվել է ավելի քան 100 հազար մարդ, որոնք մեղադրվում են կա՛մ «Ֆեթուլլահիստ» շարժման անդամ լինելու մեջ, որին պաշտոնապես Թուրքիան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձի համար, կա՛մ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու մեջ, որին Թուրքիան համարում է ահաբեկչական կառույց:
Հետաքրքիրն այն է, որ վերոնշյալ մեղադրանքներով ձերբակալվածները զրկվում են մեղադրանքը կամ դատավճիռը բողոքարկելու իրավունքից, այդ անձինք կարող են միայն դիմել նախագահին ներում ստանալու համար: Թուրքիան սահմանադրական փոփոխությունների շնորհիվ ցանկանում է բարձրացնել ոչ թե նախագահի, այլ կոնկրետ անձի, տվյալ դեպքում՝ Էրդողանի դերակատարությունը, տալ լայն հնարավորություն Թուրքիան, ըստ Էրդողանի, դարձնելու աշխարհի գերտերություն:
Էրդողանը, կարելի է ասել, գլխատել է Թուրքիայի այն մտավորականությանը, ովքեր քննադատել են նրա վարած քաղաքականությունը: Պաշտոնապես 330 ակադեմիկոս հեռացվել է աշխատանքից և չի թույլատրվել զբաղվել ուսումնադաստիարակչական աշխատանքով, 4464 պրոֆ.դասախոսական հեռացվել են համալսարաններից, որոնց նույնպես արգելվել է զբաղվել ուսումնադաստիարակչական աշխատանքով, 11 000 ուսուցիչ հեռացվել է աշխատանքից՝ զրկվելով հետագայում դասավանդելու հավատարմագրից, 154 լրագրող ձերբակալվել կամ կալանավորվել է... Վերջերս Թուրքիայի արդարադատության նախարարությունը կառավարության քննարկմանը ներկայացրեց մի որոշում, որով արգելվում է Թուրքիայի հեռարձակողների միության (YSK ) ունենալու լիազորություն տուգանելու այն հեռուստաընկերություններին, որոնք քարոզարշավի համար հավասար պայմաններ և եթերաժամ չեն տրամադրի: Այդ գործառույթը շուտով կստանձնի արդարադատության նախարարությունը: Այսպիսով՝ Թուրքիան հաստատուն քայլերով գնում է կա՛մ ինքնաոչնչացման, կա՛մ նոր ռազմական հեղաշրջման: