Human Rights Watchը ԵՄին կոչ է արել սանձահարել Ալիևի ճնշումները ընդդիմադիրների նկատմամբ
20:12 , 6 փետրվար, 2017
Armenpress-ը գրում է.
Human Rights Watchը կոչ է արել Եվրոպական միությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստիպել ազատ արձակել ձերբակալված քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին, իշխանությանը քննադատողներին և դադարեցնել ճնշումները անկախ խմբերի նկատմամբ, թույլ տալ նրանց ազատ գործունեությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: «Այսօր` փետրվարի 6ին, Բրյուսելում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Եվրամիության պաշտոնյաների հանդիպումը: Իլհամ Ալիևը մասնակցել է Ադրբեջանի և Եվրամիության միջև կնքնվելիք համաձայնագրերի քննարկմանը»,ասված է կազմակերպության հայտարարության մեջ: Հանդիպման նախօրեին մարդու իրավունքների 76 կազմակերպություններ նամակով դիմել են Եվրամիության պաշտոնյաներին և կոչ արել Իլհամ Ալիևի առջև դնել հստակ հանձնառություններ: «ԵՄն միշտ բարձր է գնահատել մարդու իրավունքների խիզախ պաշտպաններին և միշտ աջակցել է նրանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄն ու Ադրբեջանը մտել են համագործակցության նոր շրջան, ժամանակն է, որ Ադրբեջանը համապատասխանի կազմակերպության բոլոր չափանիշներին: ԵՄն տեր կկանգնի իր խոստման, և Ալիևը պետք է դադարեցնի ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումները և չպետք է անտեսի մարդու իրավունքների հարցը», ասված է Human Rights Watchի Եվրամիության գծով տնօրեն Լոթե Լայթի հայտարարության մեջ: Human Rights Watchի հայտարարության մեջ նշված է, որ 2016ին և 2017ին Ադրբեջանում իշխանությունների կողմից ընդդիմադիրների, բլոգերների, ակտիվիստների նկատմամբ ճնշումներն ավելի են սաստկացել, և շինծու մեղադրանքներով ձերբակալությունները ավելի մեծ թափ են ստացել:
«2016ի վերջին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանին գրառում կատարած երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամմեդովը և Գիյաս Իբրահիմովը թմրանյութեր պահելու և իրացնելու շինծու մեղադրանքներով ենթարկվել են 10 տարվա ազատազրկման: 2016ին կեղծ մեղադրանքներով տարբեր տարիների ազատազրկումների են ենթարկվել ընդդիմադիր NIDA և այլ շարժումների անդամ ակտիվիստներ», ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Human Rights Watchը նշել է նաև, որ բազմաթիվ ակտիվիստներ վերջին շրջանում ճնշումներից և հետապնդումներից փրկվելու համար լքել են Ադրբեջանը: 2017ի հունվարի 19ին Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել ազատ արձակել երկրում գործող NIDA ընդդիմադիր շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանին, ով ձերբակալվել է 2016ի օգոստոսին և մյուս քաղբանտարկյալներին, սակայն ապարդյուն: Ալիևի կառավարությունը դեռևս քայլեր չի ձեռնարկել նշված պահանջները բավարարելու ուղղությամբ: