Ներկա քաղաքական գործիչները չեն կարող օգտվել Ֆեյսբուքի քարոզչական հնարավորություններից մի քանի պատճառով


04:28 , 3 փետրվար, 2017

Image result for facebook Էս վերջերս մտածում էի, թե ինչու հայ քաղաքական գործիչներից գրեթե ոչ ոք չունի ֆեյսբուքյան էջ, ոնց կարելի է բաց թողել նման հզոր քարոզչական ոլորտը ու մնալ անցյալ դարի մնացորդ հեռուստատեսության հույսին:

Հետո աչքովս ընկավ Սերժ Սարգսյանի անունով Ֆեյսբուքի էջը, որտեղ ամեն մի գրառման տակ գրեթե առանց բացառության նեգատիվ էր, հասկացա, որ ներկա քաղաքական գործիչները չեն կարող օգտվել Ֆեյսբուքի քարոզչական հնարավորություններից մի քանի պատճառով:

1. Սոցիալական ցանցերը, ավանդական մեդիաների հետ համեմատած, ավելի դեմոկրատ են, քանի որ երկկողմանի կապ է, ոչ թե միակողմանի:

2. Քրեական առաջնորդների ու փողի միջոցով իշխանության հասած մարդը ոչ մի կերպ չի կարող դիմանալ ժողովրդի հետ երկկողմանի կոմունիկացիային, առանց իրական կյանքում իր հոգեբանական և ոչ հոգեբանական ազդեցության գործոնների:

3. Չեն կարող օգտագործել սոցիալական ցանցերը որպես քարոզչական գործոն, քանի որ երկկողմանի կոմունիկացիայի հնարավորություն ունեցող համակարգերում քարոզչությունը ոչ մի կապ չունի իրենց սովորած խորհրդային պաթետիկ քարոզչության հետ:

Կարելի է շարունակել, բայց երևի էսքանն էլ հերիք է: Ամեն դեպքում փակ շղթա է ստացվում, ու արդյունքում մեր խեղճ կոռուպցիոներ չինովնիկները չեն կարողանում օգտվել սոցիալական ցանցերի ռեսուրսներից :)

Բիզնեսում էլ է էդպես, սոցիալական մեդիաները չեն թույլատրի, որ վատ բիզնեսը գոյատևի:

Հիմա կասեք՝ բա Կարեն Կարապետյա՞նը: Կարեն Կարապետյանի դեպքը մի քիչ այլ է, նա հա՛մ նոր է եկել, հա՛մ չի ընտրվել, հա՛մ էլ քաղաքականությունից դուրս եկած կոռուպցիոներ չինովնիկ չէ, բիզնեսից է դուրս եկել, իսկ բիզնեսում անարդյունավետները ոչնչանում են: Մնացածը ժամանակը ցույց կտա:

Բայց մի բան ակնհայտ է՝ հին տարբերակներով քաղաքական գործիչները չեն դիմանա, նույնիսկ 5 տարի առաջվա հետ համեմատած՝ սոցիալական մեդիաները փոխել են մեր իրականությունը, այդ թվում՝ քաղաքական իրականությունը, իսկ շատ քաղաքական գործիչներ դեռ չեն հասկացել դա: Չեն էլ կարող հասկանալ, արդեն ուշ է իրենց համար: