Թե ինչպես ցորենի արտը ջրեցի...


13:42 , 11 մարտ, 2013

էկոլոգիական աշխարհայացքը տիրել էր մեզ, որոշեցինք վաճառել Այգեձոր փողոցի մեր բնակարանը, գյուղ գնալ - այգի, ծառ, հող... Սեփականաշնորհված 0,6 հեկտար հող ունեինք, ցորեն ցանեցի՝ աշնանացան: Էս աշնանացանս պիտի ջրեի, ջրի հերթս հասավ՝ գիշերը: Միջնեկ որդուս ասացի - 10-11 տարեկան կլիներ - Հայկ ջան, արի՝ հետս կլինես, արտը ջրեմ... Մեքենայով գնացինք, Հայկս տաբատն ու վերնաշապիկը հանեց, դրեց գլխի տակ, մի շոր էլ վրան քաշեց ու անմիջապես քնեց: Մենակ մնացի արտի, ջրի և գիշերվա հետ: Հողը թեք էր, ջուրը փախչում էր, ամբողջ գիշեր կռիվ տվեցի: Բայց տղաս կողքս էր՝ հոգս չունեի... Հա, լավ բերք ստացա - և հունձի օրը Մեծամորի կողմից, շատ բարձր թռչող երեք արագիլ տեսանք: Կտրեցին մի հսկա տարածք, եկան հասան մեր արտին, և, չնայած կոմբայնի հռնդոցին՝ իջան ուղիղ արտի մեջտեղը... Մի քանի րոպե մեր հետ եղան, հետո թռան, գնացին...

Ինչի՞ պատմեցի: Էսօր Ազատության հրապարակում մի հայ մարդ մեր արտն է ջրում: Որդին ջահել է, գիշերը մի քիչ կքնի, թող քնի... Բայց հոգս չկա՝ Րաֆֆին մեր արտն է ջրում... Մեր բոլորի արտը: Եվ ջրվորը մի ցանկություն ունի՝ որ մենք ԱՐԹՈՒՆ լինենք...