Չավեսի մոր հետ գրկախառնված Ահմադինեժադն Իրանում հայտնվել է սկանդալի կենտրոնում


11:13 , 11 մարտ, 2013

Euro News-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայրենիքում մեղադրվել է իսլամի նորմերին չհամապատասխանող կեցվածք դրսևորելու մեջ: Դրա համար պատճառ է հանդիսացել այն լուսանկարը, որում արտասվող իրանցի առաջնորդը գրկում է Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի մորը՝ Էլենա Ֆրիասին:

Ահմադինեժադի կողմից իր հետ ազգակցական հարաբերություններ չունեցող կնոջը գրկելը դժգոհություն է առաջացրել Իրանում: Դրան պետք է հավելել այն, որ Չավեսի մայրը քրիստոնյա է:

Այաթոլլահ Խամենիի կողմնակից, պատգամավոր Մուհամմադ Դեհգանը հայտարարել է, որ գործադիր իշխանության ազդեցիկ ներկայացուցչի այդօրինակ գործողությունները հակասում են նրան, թե ինչ պետք է ակնկալել կրոնական ցուցումները չմոռացող մուսուլմանից:

Պահպանողական քաղաքական գործիչները նաև մեղք են համարել Ահմադինեժադի կողմից Ուգո Չավեսին Հիսուսի և Իմամ Մահդիի հետ համեմատելը: