Սաակաշվիլիի կուսակցությունը հրաժարվել է առաջնորդ ընտրել և սպասում է նրա վերադարձին


01:00 , 21 հունվար, 2017

 Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հրաժարվել է կուսակցության նախագահի ընտրությունից։ Այդ պաշտոնը թափուր կմնա մինչ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրենիք վերադառնալը՝ հայտնում է BBC-ն։
 Նման որոշում է հնչեցվել այսօր կայացած կուսակցական համագումարում, որն անցկացվել է Թբիլիսիի Սպորտի պալատում։ Այժմ Սաակաշվիլին չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը՝ կապված նրա մոտ վրացական քաղաքացիության բացակայության հետ։
 «Քանի որ Միխեիլ Սաակաշվիլին հանդիսանում է Իվանիշվիլիի ռեժիմի քաղաքական փախստական, նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից քաղաքական դրդապատճառներով»,-համագումարի ժամանակ բանաձևի տեքստն է ընթերցել կուսակցության անդամ Նուգզար Ցիկլաուրին։
 Փաստաթղթում նշվում է, որ Սաակաշիլին երբեք չի հրաժարվել կուսակցության նախագահի պաշտոնից։ Դա է պատճառը, որ որոշվել է նախագահ չընտրել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կարողանա վերադառնալ երկիր և լիարժեքորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում։