Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արամայիս Թանդիլյանի գործի դատական քննությունը:
55-ամյա Արամայիսը թիվ 40 երթուղային տաքսու սրահում գրպանահատություն է կատարել՝ պայուսակից աննկատ հանել է երիտասարդ ուղևորուհու դրամապանակը, որի մեջ 15 հազար դրամ կար, կանգառում իջել ու փորձել է փախչել, բայց հետապնդվել ու բռնվել է երթուղայինի վարորդի կողմից և վերադարձրել է դրամապանակը՝ պարունակությամբ հանդերձ:
Արամայիսին մեղադրանք էր առաջադրվել կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասով:
Արամայիսը նախկինում 5 անգամ դատված է եղել՝ ինչպես «վայել է» «արհեստավարժ» գրպանահատներին, նրա դատվածությունները մարված են, բայց ձեռքի «հմտությունը», ինչպես երևում է, «մարված չէ»:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 30-ի կեսօրին թիվ 40 երթուղային տաքսու մեջ, որը լեփ-լեցուն էր ուղևորներով, Արամայիս Թանդիլյանը գաղտնի հափշտակել է երիտասարդ ուղևորուհի Սուսաննայի վարդագույն, 2 հազար դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ 15 հազար դրամ կար: Դրամապանակը Արամայիսը պահել է իր մոտ: Երբ երթուղայինը կանգնել է Զ. Սարկավագի փողոցի կանգառում, Արամայիսն իջել է մեքենայից ու հեռացել է: Այդ ժամանակ ուղևորներից մեկը Սուսաննային զգուշացրել է, որ նրա պայուսակի շղթան բաց է: Աղջիկը ստուգել ու տեսել է, որ դրամապանակը գողացել են: Նա հասկացել է, որ իր հետևում կանգնած տղամարդն է գողացել, իջել է մեքենայից ու վազել է այդ տղամարդու հետևից:
Երթուղայինի վարորդ Գոռ Սաֆարյանը, իմանալով, որ մեքենայի սրահում գրպանահատը գողություն է կատարել ու փախչում է, իջել է մեքենայից, հետապնդել է նրան, բռնել ու ստիպել է ուղևորուհուն վերադարձնել դրամապանակը:
Եթե Արամայիսը չփախչեր, չհետապնդվեր, ապա նրա կատարածը կորակվեր որպես գողություն, սակայն հետապնդումը նկատելով՝ փախուստի դիմելը նրա արարքը դարձրել է բացահայտ հափշտակության, ասել է, թե՝ կողոպուտի փորձ:
Քննությամբ ի հայտ է բերվել, որ ներկայացված դեպքից հետո՝ 2016 թվականի հունիսի 8-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 40-ից 8-ն անց 55-ի սահմաններում Արամայիսը, նախորդ դեպքից դասեր չքաղելով, թիվ 114 երթուղային տաքսու սրահում նորից գրպանահատություն է կատարել ու գողացել է Անահիտ Մ.-ի դրամապանակը՝ նրան պատճառելով 5627 դրամի գույքային վնաս: Նշված դրամապանակը՝ իր պարունակությամբ, հայտնաբերվել է Արամայիսի անձնական խուզարկությամբ: Անահիտը չի բողոքել, նրա բողոքի բացակայության պայմաններում այս դրվագով Արամայիսը քրեական հետապնդման չի ենթարկվել:
Թիվ 40 երթուղայինի դրվագով Արամայիսն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ պնդել է, թե ինքը գողություն է կատարել, ոչ թե կողոպուտ:
Արամայիսը հայտնել է, որ երթուղային է նստել Զեյթունի «Երևան սիթիի» մոտից: Երթուղայինը լիքն է եղել: Ուղևորվել են Քանաքեռ: Իր առաջ երթուղայինում կանգնած էր մի աղջիկ, ում մեջքին ուսապարկ կար: Ինքը, օգտվելով առիթից, որ մեքենան լիքն է, աղջկա պայուսակի կիսաբաց շղթան բացել է ու պայուսակից աննկատ հանել է վարդագույն դրամապանակը, դրել է իր թևատակը:
Երբ երթուղայինը կանգնել է Ինտերպոլի մոտ, ինքն իջել է: Վարորդն անմիջապես մոտեցել ու պահանջել է վերադարձնել դրամապանակը. «Էրեխու պորտմանը տո՛ւր»: Ինքն էլ անմիջապես վերադարձրել է դրամապանակը, նույնիսկ չի հասցրել բացել այն: Հետո իրենց են մոտեցել չորս-հինգ հոգի, ինքը այդ ժամանակ է փախել՝ դրամապանակը տալուց հետո…
Տուժող աղջիկը՝ Սուսաննան, հայտնել է, թե նստել էր երթուղային, որ գնա Քանաքեռ: Իր հետևից երթուղային են նստել երկու տղամարդ: Նստելու տեղ չկար, ինքը կանգնել է, այդ տղամարդիկ էլ կանգնել են իր հետևում: Զ. Սարկավագի փողոցի կանգառում իր հետևում կանգնած տղամարդիկ իջել են: Հենց այդ ժամանակ մի կին իրեն ասել է, որ պայուսակը ստուգի, տեսնի՝ հո բան չի՞ կորել:
Ինքը ստուգել ու տեսել է, որ պայուսակը բաց է, դրամապանակն էլ չկա: Հասկացել է, որ իր հետևում կանգնած տղամարդիկ են տարել: Ինքն անմիջապես դուրս է եկել երթուղայինից ու վազել է նրանց հետևից:
Երկու տղամարդկանցից մեկը մուգ կապույտ կոստյումով էր, մյուսը՝ սպորտային շորերով: Ինքը վազում էր կոստյումով տղամարդու հետևից, քանի որ նրա ձեռքին տեսել էր իր վարդագույն դրամապանակը: Իրեն է միացել նաև երթուղայինի վարորդը, ով բարձր ձայնով գոռացել է՝ կանգնե՛ք: Նրա բղավոցից կոստյումով տղամարդը ավելի արագ է վազել: Երթուղայինի վարորդի գոռոցն այնքան բարձր էր, որ Ինտերպոլի շենքում աշխատողներն էլ են լսել ու այդ ձայնից մի քանիսը դուրս են եկել շենքից…
Իրենց ու այդ տղամարդու միջև հեռավորությունը կլիներ 10-15 մետր: Իրենք հետապնդելիս վազել են մոտ 50 մետր, իր կարծիքով՝ այդքան կլիներ հեռավորությունը՝ կանգառից մինչև Ինտերպոլի շենք:
Կոստյումով տղամարդը հասել է Ինտերպոլի շենքին ու ցանկացել է նստել այնտեղ կանգնած տաքսին, բայց այդ պահին երթուղայինի վարորդը հասել է նրան, բռնել ու ստիպել է վերադարձնել դրամապանակը: Վարորդը դրամապանակը տվել է իրեն, ինքը ստուգել ու տեսել է, որ ոչինչ չի պակասում: Իր դրամապանակից բացի՝ իրեն ոչինչ չէր հետաքրքրում…
Եվ գործով վկա, գործով հերոս ու միաժամանակ երթուղայինի վարորդ Գոռ Սաֆարյանը հայտնել է, որ 7-8 տարի կլինի՝ աշխատում է թիվ 40 երթուղում՝ որպես վարորդ:
Դեպքի օրվա կեսօրին, երբ կանգնել է Զ. Սարկավագի փողոցի կանգառում, մեքենայի սրահում հանկարծ աղմուկ է բարձրացել, որ դրամապանակ են գողացել ուղևորի պայուսակից: Հենց այդ ժամանակ ինքը լսել է, որ ուղևորներից մի կին ասել է, թե երթուղայինների վարորդները համագործակցում են գրպանահատների հետ: Այդ խոսքերը լսելով՝ իր ինքնասիրությունը վիրավորված է համարել, անմիջապես դուրս է եկել մեքենայից: Տեսել է, որ երիտասարդ ուղևորուհին վազում է երկու տղամարդկանց հետևից: Ինքն էլ է վազել, հասել ու անցել է աղջկան, բղավել է, որ վազող տղամարդիկ կանգնեն:
Երբ հասել է փողոցի անկյունին, տեսել է, որ կոստյումով տղամարդը ուզում է տաքսի նստել, բայց ինքը կարողացել է շուտ հասնել ու բռնել նրան: Բռնել է նրա ձեռքից և պահանջել է վերադարձնել դրամապանակը:
Սկզբում այդ տղամարդը իբր՝ զարմացել է, ասել է՝ ի՞նչ պորտման, բայց հետո տեսնելով, որ ուրիշ քաղաքացիներ էլ են մոտենում, նա վախեցել ու անմիջապես տվել է վարդագույն դրամապանակը: Ինքը այն հանձնել է մոտեցած Սուսաննային: Մոտեցել է նաև Ինտերպոլի մի աշխատակից, բոլորին հրավիրել է Ինտերպոլի շենք…
Արամայիս Թանդիլյանը գրպանահատության պահին մենակ չի եղել, իր ծանոթ Արթուրի հետ էր, բայց Արթուրի գործողություններում հանցակազմ չի եղել, Արամայիսն էլ ասել է, թե Արթուրին պատահաբար է հանդիպել, նա կապ չունի իր կատարածի հետ:
Դատարանը հաշվի է առել, որ Արամայիսի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 11 և 5 տարեկան…
Արամայիսը վատառողջ է, ունի որոշակի խանգարումներ՝ «խթանիչների գործածման հետևանքով», ունի նաև «կախվածության համախտանիշ»:
Արամայիս Թանդիլյանը մեղավոր է ճանաչվել կողոպուտի փորձի համար և դատապարտվել է տուգանքի՝ 300 հազար դրամի չափով: