«ՏԱՍՍ». Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի սահմանին զինված բախման վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում


14:19 , 29 դեկտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

Հղում անելով ՊՆ մամլո խոսնակի ֆեյսբուքյան գրառմանը, գրել է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ռուսական լրատվամիջոցը ամբողջությամբ մեջբերել է ՊՆ մամլո խոսնակի հաղորդագրությունը  , ապա այս կապակցությամբ հարցով դիմել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի սահմանին տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Վագիֆ Դարգյախլին:

«Սահմանային զինված բախումների վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա: Եթե լինի ապա պաշտպանության նախարարությունը կտարածի պաշտոնական աղբյուրներով»,- նշել է ադրբեջանական ՊՆ խոսնակը: