Մայրական կաթի հեղափոխությունը


09:20 , 5 մարտ, 2013

Հա, իհարկե, մեր կառուցվելիք պետությունը պիտի լինի ժողովրդավարական, առանց կոռուպցիայի, խոսքի ազատությամբ, մարդու իրավունքներով… Իսկ հետո՞: Չէ՞ որ սրանք միայն միջոցներն են: Ի՞նչ է՝ արևմտյան ժողովրդավարական պետությունից դենը ուրիշ արժեք, ուրիշ պետության ձև չկա՞:

ԿԱ – ասում է նոր բացված մեր էջը: Տեսած կլինեք պտղի լուսանկար՝ մայրական արգանդի մեջ: Էս պտուղն արդեն ճիշտ ու առողջ պետություն է ուզում: Որ իր մայրը Հայրենիքի պտուղն ուտի, նրա քաղցր լեզվով խոսի, երգը երգի, պարը պարի - և էս արժեքները արյան միջով հասնեն ու սնեն իրեն: Նժդեհն ասում է՝ «Մայրերի ափերի մեջ փնտրեք…»: Ավելացնենք՝ հղի կնոջ ափերի մեջ փնտրեք… Կերակրող մոր ափերի մեջ փնտրեք: Մայր Մշակույթը և առողջ ապրելակերպը որքա՛ն առողջ հորմոններ են ծնում, որոնք կաթի միջոցով սնում են նորածին մանկանը: Ստեղծել ՀԱՅՈՑ ՆՈՐ ՈՐԱԿԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը ընտանիքի կրթության ու ապրելակերպի միջոցով խնամի հայ պտուղը և հայ մանկանը… Այս եզրույթը հնչեցրել ենք 2000-ին և ցայսօր փայփայել ենք մեր սրտի, մեր գործերի մեջ…

Եվ այսպես՝ նորոգել, վերստեղծել կյանքի բոլոր ասպարեզները: Կրթություն լինի, բժշկություն լինի, ապրելակերպ լինի, մշակույթն՝ իր ճյուղերով… Եվ սրանց սպասարկող տնտեսությունը: «Դռնոյան-Նալյան ընտանիք» հեղինակային խումը, իր 20-ամյա աշխատանքներով, տեսել է Հայոց Նոր Որակի Պետականության տեսիլքը, և այսօր ֆեյսբուքյան էջով այն ներկայացնում է հայ հանրությանը: Եթե Հայք Պետության Սահմանադրության Նախագիծ էջը նպատակ ունի լրամշակել Նախագիծը, ապա այս էջը կներկայացնի պետականաստեղծ աշխատանքի տեսությունը և գործելակեպը:

Ինչ քաղաքական հեղափոխություն էլ լինի Հայաստանում, այն կհասնի իր նպատակին, եթե իրականանա ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ… Եվ այսպես՝ բացեցինք նոր էջը… Ասե՛ք՝ շնորհավո՜ր…

Ձեր՝ 

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
ԱՐՈՒՍՅԱԿ ՆԱԼՅԱՆ