Ինքնաթիռը, որն անհետացել էր 1955 թվականին, վայրէջք կատարեց 37 տարի անց (լուսանկարներ)


06:22 , 16 դեկտեմբեր, 2016

Չարթերային DC-4 ինքնաթիռը 1992թ. 57 ուղևորներով վայրէջք կատարեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի օդանավակայանում… Իսկ այժմ ուշադրություն. այդ ինքնաթիռն անհետացել էր Նյու Յորքից Մայամի չվերթ կատարելիս վայրէջքից 37 տարի առաջ: Սակայն մի քանի րոպե էլ չանցած՝ ուրվական ինքնաթիռը կրկին օդ բարձրացավ ու կորավ ամպերի մեջ: Ականատեսների վկայությունները, ինչպես նաև օդաչուի ու դիսպետչերի երկխոսության ձայնագրությունը հանդիսանում են անհերքելի վկայություն առ այն, որ այս պատմությունը մտացածին չէ:

«Օդանավակայանի վերահսկող ծառայության աշխատակիցների ցուցմունքները, համաձայն որոնց՝ նրանք ականատես են եղել այս միջադեպին, ըստ էության՝ համընկնում են միմյանց հետ»,- հայտարարել է երկրի քաղավիացիայի փոխնախարար Ռամոն Էստովարը: Սակայն, ըստ փոխնախարարի, վճռորոշ դեր ունեցավ 1955թ. փոքրիկ օրացույցը, որը DC-4-ի օդաչուն գցել էր թռիչքուղու վրա օդ բարձրանալուց վայրկյաններ առաջ:

«Ես տեսել եմ ինքնաթիռը, լսել եմ օդաչուի ձայնը: Ես անգամ ձեռքումս եմ պահել այդ օրացույցը, բայց մինչև հիմա ինքս չեմ կարողանում հավատալ այս ամենին: Ինքնաթիռի մեջ գտնվող մարդիկ հավատացած էին, որ 1955 թվականն է, և իրենք վայրէջք են կատարել Ֆլորիդայում: Բայց դա այդպես չէ: Աստված գիտե, թե որտեղ են գտնվել նրանք այդ ողջ ընթացքում», – ասել է թռիչքների վերահսկողության աշտարակում այդ օրը գտնված Հուան Դե լա Կորտեն:

Դե լա Կորտեի ու այլ դիսպետչերների պնդմամբ՝ նրանք հասկացան, որ ինչ-որ գերբնական բան է կատարվում այն ժամանակ, երբ անսպասելիորեն օդանավակայանին սկսեց մոտենալ պտուտակավոր մի ինքնաթիռ, որը չէր երևում ռադարների վրա: Նա պատմել է հետևյալը.

«Մենք տեսնում էինք ինքնաթիռը մեր աչքերով, բայց ռադարի վրա որևէ նշաններ չկային: Մենք խնդրեցինք օդաչուին հայտնել իր ով լինելը, և նա ռադիոյով հարցրեց մեզ. «Որտե՞ղ ենք մենք գտնվում»: Նրա ձայնը վախվորած ու անվստահ էր, բայց վերջապես նա ասաց, որ չարթերային 914-րդ չվերթն է, որը Նյու Յորքից Մայամի է տեղափոխում 57 ուղևորների և 4 հոգանոց անձնակազմի: Այս խոսքերից հետո քար լռություն տիրեց, որովհետև բոլորն ապշած էին: Բանն այն է, որ օդաչուի հայտարարած ժամանման վայրը՝ Մայամին, գտնվում էր Կարակասից… 1800 կիլոմետր հեռավորության վրա:

Ես պատասխանեցի օդաչուին. «Սա Կարակասն է, Վենեսուելա… Հարավային Ամերիկա», իսկ հետո հարցրի. «Դուք օգնության կարիք ունե՞ք»: Պատասխան չկար, ու ես ինքնաթիռի համար վայրէջքի միջանցք բացեցի:

Վայրէջքն անթերի էր: Հենց այդ պահին էլ սկսեցի մտածել, որ ամեն ինչ նորմալ է, ու հանկարծ լսեցի, թե ինչպես է օդաչուն երկրորդ օդաչուին բացականչում. «Հիսուս Քրիստոս, Ջիմմի՛, այս ի՞նչ է, գրողը տանի»: Նրանք նայում էին ռեակտիվ ինքնաթիռին, ու իրենց արձագանքն այնպիսին էր, ասես տիեզերանավ են տեսել:

Դե լա Կորտեի խոսքերով՝ օդաչուն հաղորդել էր, որ կարգացուցակի համաձայն՝ նա պետք է վայրէջք կատարեր Մայամիի օդանավակայանում՝ 1955 թվականի հուլիսի 2-ի առավոտյան՝ ժամը 9:55:

Հետո ես լսեցի, թե ինչպես նա ասեց. «Այստեղ ինչ-որ բան այն չէ»: Ես ռադիոկապով կապվեցի նրա հետ. «Կապիտա՛ն, սա Կարակասի միջազգային օդանավակակայանն է: Այսօր 1992 թվականի մայիսի 21-ն է»: Նա բացականչեց. «Աստված իմ»: Լսվում էր, թե ինչ ծանր է նա շնչում: Ես փորձեցի հանգստացնել նրան՝ ասելով, որ նրանց արդեն մոտենում է ցամաքային ծառայությունների թիմը: Երբ թիմն ու լիցքավորող մեքենան մոտեցան ինքնաթիռին, օդաչուն սկսեց գոռալ. «Ո՛չ, մի՛ մոտեցեք: Մենք թռչում ենք այստեղից»: Հետագայում ինքնաթիռին մոտեցած աշխատակիցները պատմում էին, որ տեսել էին ուղևորների դեմքերը, ովքեր, իլյումինատորներին սեղմված, հետևում էին այս ամենին: Օդաչուն բացեց իր պատուհանը և ձեռքով արեց, որպեսզի նրանք հեռանան:

Նրա ձեռքում ինչ-որ թղթապանակ կար: Ըստ ամենայնի՝ հենց դրա միջից էլ ընկել էր օրացույցը, որը միայն հետո գտանք:

«Օդաչուն գործարկեց շարժիչներն ու օդ բարձրացրեց ինքնաթիռը»,- պատմել է դիսպետչերը:

Վենեսուելայի իշխանությունները բռնագրավել են ռադիոհաղորդագրությունների ձայնագրությունները, ցուցմունքները, ինչպես նաև օդաչուի օրացույցը, բայց միջադեպի հետաքննությունն առ այսօր ոչ մի հոդաբաշխ պատասխան չի տվել այս առեղծվածային իրադարձություններին։