Չխենթանալ


12:37 , 15 դեկտեմբեր, 2016
Похожее изображениеՉնայած հայրս մասնագիտությամբ ինժեներ է, իսկ մայրս ամենեւին էլ ջուլհակուհի չէ, ավելին՝ նա երբեք կարել չի սիրել, բայց մեր տանը, երբ ես փոքր էի, դասական երաժշտություն լսել ենք: Գուցե այդ պատճառով էլ ես Տիգրան Մանսուրյանի երաժշտությունից չեմ խենթանում, լսում եմ: Լսելը, նկատի ունեմ՝ երաժշտությունը, այն էլ՝ մանսուրյանական, միշտ դրանից խենթանալուց ավելի լավ է: Խենթանալ կարելի է՝ չլսելով, մանավանդ՝ չհասկանալուց, կամ լսել ու խենթանալ, սա առհասարակ խնդիր է, ինչպես գրողի համար կամ ընթերցողի՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ընթերցողի, էլեկտրոնային գիրքը:
Հետո մեծացանք, նկատի ունեմ՝ մեր տանը: Ես ու քույրս էլ, ծնողներս էլ ու էլի չխենթացանք, չնայած խենթանալու լիքը բաներ եղան մեր կյանքում էլ, մեր շուրջն էլ, մեր ներսում էլ: Այդ ժամանակ ես չգիտեի, թե ինչու, հիմա էլ չգիտեմ, ենթադրում եմ՝ դա իմանալու սկիզբն է, հիմքը, միանգամից չեն իմանում, նախ ենթադրում են: Համենայն դեպս այն, ինչը ուզում ենք իմանալ, նախ ենթադրում ենք, այն ինչը չենք ենթադրում, ուրեմն՝ չենք էլ ուզում իմանալ: Ենթադրում եմ, որ չենք խենթացել, քանի որ մեր տանը դասական երաժշտություն ենք լսել: Ի դեպ, պարտադիր չէ Չայկովսկի կամ Մոցարտ կամ Բախ կամ Բեթհովեն, պարտադիր է լավը: Մեղավորը հայրս էր, նա հաճախ իր կիթառով ապահովում էր տան երաժշտությունը, մայրս՝ հացը: Երկուսն էլ համեղ էին, մանավանդ մորս պատրաստած ամառային տոլման: Մի խոսքով՝ մեր՝ հազար տագնապների, սակայն երբեք ծնկի չեկած օրերն անցնում էին դասական երաժշտությամբ:
Դրա համար էլ չխենթացանք, մնացինք խենթ: Տարբեր բաներ են, լավն ու վատը չեն տարբեր են: Ինչպես գրքերն ու էլեկտրոնային գրքերը, ինչպես կինոն եւ սերիալը, ինչպես հայ մշակույթն ու հայ մշակութային գործիչը,... Խենթը տեսակ է, ձեւավորվող, մշակվող, հղկվող, դաստիարակվող: Խենթանալը հիվանդություն է, միշտ: Խենթանում են, քանի որ խենթ չեն դարձել, երազում երաժշտություն չեն տեսել, հենց տեսել: Խենթանում են, քանի որ կյանքում այնքան շատ է խենթանալիքը, որ պետք է խենթ լինես՝ չխենթանալու համար...
Այսօր առավոտյան, երբ 2,4 տարեկան աղջիկս զարթնեց, ես նրան սովորեցրեցի խենթ բառը: Սովորեցնելը շատ կարեւոր է, իմ ինժեներ հայրն ու ամենեւին էլ ոչ ջուլհակուհի մայրն ինձ ու քրոջս սովորեցրել են չխենթանալ: