Երկրաշարժից 28 տարի անց. Արտաշես Ալեքսանյանը հիշում է, թե ինչպես է 15 երեխայի կյանք փրկել (տեսանյութ)


09:00 , 7 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Արցախյան ազատամարտի մասնակից, 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո կամավոր փրկարարական աշխատանքների մեկնած Արտաշես Ալեքսանյանը 15 երեխայի կյանք է փրկել: Tert.am-ի հետ զրույցում Արտաշես Ալեքսանյանը պատմեց, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, սովորականի նման տանն է եղել, սակայն երբ ռուսական Առաջին հեռուստաալիքը հայտնել է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժ մասին, ինքը շտապել է մանկական հիվանդանոց։

«Երբ լսեցի, որ վիրավորներ են տեղափոխում Երևան, միանգամից շտապեցի Մուրացանի թիվ 2 մանկական հիվանդանոց: Այնտեղ 7-ամյա երեխային ռեզուս բացասական կարգի արյուն էր պետք: Կրկնակի չափաբաժին վերցրեցին ինձնից և հետո տեղեկացա, որ երեխայի կյանքը փրկվել է: Դրանից չորս ժամ անց, երբ վերականգնվեցի, մեկնեցի Սպիտակ»,-ասաց նա:

Արտաշես Ալեքսանյանը մեկնել է Սպիտակ, մոտ մեկուկես ժամ աշխատելուց հետո 3-րդ միջնակարգ դպրոցի մոտ նկատել է, որ երկու բետոնե պանելների արանքում հողային կուտակում կա.«Երրորդ կուրսի ուսանող Գագիկի հետ միասին փորեցինք և մի անցք բացվեց: Չէի հասցրել ոտքս մտցնել անցքի մեջ, երևի սառը օդից կամ լույսից մեկը ոտքիցս քաշեցի դեպի խորշը: Ես տեսա, որ մի երեխա փաթաթվել է ինձ: Նրան գրկեցի և բարձրացրի վերև: Այնուհետև առաջ գնալով տեսա, որ սյունը ընկել էր, և պահարանի ու սյունի արանքում գոյացել էր դատարկ տարածք, որտեղից ես դուրս բերեցի 8 երեխայի: Այդ տարածքից հանել եմ նաև յոթ դի: Որոշ ժամանակ հետո, առաջ գնալով, ես խորշից դուրս հանեցի ևս 6 երեխայի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ