Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պետք է պահպանի Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություններն այն ուղղություններով, ուր համընկնում են երկու երկրների շահերը։
Այդ մասին Կալիֆորնիա նահանգում անցկացված անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։ Նա դատապարտել է Ուկրաինայում ու Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, ինչպես նաև Մոսկվային մեղադրել է կիբեր հարձակումների համար։
Նա ընդգծել է, որ դրանք այն գործողությունները չեն, որոնք սպասել են իր քայլերի համար պատասխանատու երկրից. «ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի հետ ո՛չ սառը, ո՛չ էլ առավել ևս տաք պատերազմ։
ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանին տեսնել որպես թշնամի, սակայն պաշտպանելու է իր դաշնակիցներին»։ Քարթերը հիշեցրել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնման մասին և Մոսկվայի ագրեսիվ գործողությունները զսպելու մասին՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է դուռը բաց պահել Ռուսաստանի հետ համագործակցության համար։