Ուկրաինան ներկայումս պատերազմում է, որպեսզի հուղարկավորի Խորհրդային Միությանը. Պորոշենկո


00:36 , 3 դեկտեմբեր, 2016

Ուկրաինական Meta.ua կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Խորհրդային Միությունը, որը պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը 25 տարի առաջ, նախկինի նման ողջ է։

Այդ մասին նաև հայտարարել է Լեհաստանի կողմից Ուկրաինայի անկախության ճանաչման 25-ամյակին նվիրված ֆորումի ժամանակ։ Մեկնաբանելով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այն հայտարարությունը, որ ԽՍՀՄ-ը վախճանվել է 25 տարի առաջ Բելովեժյան թավուտում՝ Պորոշենկոն ընդգծել է.

«Մի՛ հավատացեք։ Խորհրդային Միությունը ո՛չ փաստաթղթում է, ո՛չ էլ Բելովեժյան թավուտում։ Խորհրդային Միությունն ուղեղներում է։ Այդ իմաստով ԽՍՀՄ-ը մինչ այժմ հուղարկավորված չէ, և Ուկրաինան ներկայումս պատերազմում է, որպեսզի հուղարկավորի Խորհրդային Միությանը»։

Պորոշենկոյի խոսքերով՝ երկիրը 25 տարում միայն ամրապնդել է այն ամենից հեռանալու ցանկությունը, ինչպիսին որ Խորհրդային Միությունն էր.
«Խորհրդային գաղութային անցյալի հին ու նոր տարբերակները հաստատապես մեզ համար չեն։ Մեզ համար դա միացյալ Եվրոպան է»։